Ադրբեջանի վճռաբեկ դատարանը մերժել է Գյոզալ Բայրամլըի հայցը
МЕЖДУНАРОДНОЕՀունիսի 2-ին Բաքվի վճռաբեկ դատարանը մերժել է Ադրբեջանի ժողովրդական ճակատ ընդդիմադիր կուսակցության փոխնախագահ Գյոզալ Բայրամլըի նկատմամբ առաջադրված մեղադրանքը բեկանելու վերաբերյալ հայցը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական bastainfo.com-ը:
Բայրամլըի փաստաբան Օքթայ Գուլալըևը դիմել է Բաքվի վերաքննիչ դատարան իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու և ազատազրկումը տնային կալանքով փոխարինելու համար, սակայն Սաբալիի վերաքննիչ դատարանը մերժել է հայցը:
Մայիսի 26-ին Ադրբեջանա-վրացական սահմանին ձերբակալվել է ընդդիմադիր Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցության փոխնախագահ, Ազգային խորհրդի համակարգող մարմնի անդամ Գյոզալ Բայրամլըն:
Բայրամլըն մեղադրվում է մաքսանենգության և չհայտարարագրված գումարներ տեղափոխելու մեջ:
Դատարանը Բայրամլըին դատապարտել է 3 ամսվա նախնական ազատազրկման:
Ադրբեջանի ընդդիմադիր ուժերից կազմված Ազգային խորհրդի ներկայացուցիչների կարծիքով` այս ձերբակալությունը վկայում է այն մասին, որ արդեն իշխանությունների կողմից ընդդիմադիրներին տեռորի ենթարկելու գործողությունների մեջ ներգրավված են նաև երկրի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները:
Ազգային խորհրդի փոխանցմամբ` Մեհրիբան Ալիևային առաջին փոխնախագահի պաշտոնում նշանակելով, և դրանից հետո երկրում ճնշումներն առավել ակտիվացնելով, ալիևյան ընտանիքն իր միապետական իշխանությունն ամրապնդելու համար ընտրել է ժողովրդի շրջանում վախի մթնոլորտն ավելի մեծացնելու ճանապարհը:



