Հունիսմեկյան միջոցառումները մեկնարկել են «Առողջ Երևան» մարզամշակութային տոնահանդեսով
КУЛЬТУРА
Հունիսմեկյան միջոցառումների շարքը մեկնարկել է Երևանի մանկական զբոսայգում կայացած «Առողջ Երևան» մարզամշակութային տոնահանդեսով։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի կողմից, մայրաքաղաքի մանկապարտեզների սաների մասնակցությամբ, ավանդաբար կազմակերպվող այս միջոցառման նպատակը երեխաների շրջանում առողջ ապրելակերպի խթանումն է:
Մինչ տոնահանդեսը, բոլոր վարչական շրջաններից ներկայացված մանկապարտեզների միջև կայացած մրցույթի նախնական փուլում արդեն հայտնի էին դարձել եզրափակիչ դուրս եկած թիմերը: Յուրաքանչյուր վարչական շրջանից մեկական մանկապարտեզ մասնակցում էր տոնահանդեսին, որի մրցութային ծրագրում նախատեսված էր փոխանցումավազք՝ փոքր դրոշի փոխանցմամբ, հեռացատկ տեղից, կանգնած դիրքից ծանրացված գնդակի նետում և պարանի ձգում։
Տոնահանդեսի մասնակից բոլոր մանկապարտեզների թիմերը պարգևատրվել են պատվոգրերով, մրցանակներով, գնդակներով և մարզաշապիկներով։ Մանկական ու մարզական շոուն ավարտվել է մանկապարտեզների սաների համերգային ծրագրով։
«Երևանյան ամառ-2017» եռամսյա միջոցառումների ծրագրում ներառված են մի շարք միջոցառումներ և փառատոններ, որոնց մեկնարկը տրվել է հունիսի 1-ին։ Այս տարի ծրագրով անցկացվելու են 60 մարզամշակութային միջոցառումներ։




















































