ԿԸՀ-ն պատգամավորական մանդատներ է շնորհել Գևորգ Պետրոսյանին, Նորա Առուստամյանին և Հակոբ Նազարյանին
ПОЛИТИКАՀՀ ԿԸՀ-ն կազմել է արձանագրություն՝ «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի տարածքային ցուցակների թեկնածուներ Գևորգ Պետրոսյանին, Նորա Առուստամյանին և Հակոբ Նազարյանին մանդատներ տրամադրելու մասին: Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: «Շնորհավորենք մեր գործընկերներին: Համաձայն Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքի՝ Ազգային ժողովի կազմը հետագայում համալրած պատգամավորները երդվում են Ազգային ժողովի՝ իրենց մասնակցությամբ առաջին իսկ նիստում»,- ասաց ԱԺ նախագահը՝ ձայնը տալով նոր պատգամավորներին:
Գևորգ Պետրոսյանը, Հակոբ Նազարյանը և Նորա Առուստամյանը ընթերցեցին պատգամավորների երդման տեքստը և անցան իրենց աշխատանքային պարտականություններին:
«Ծառուկյան» դաշինքի տարածքային ցուցակներով ընտրված պատգամավորներ Արտյոմ Ծառուկյանը, Խաչիկ Մանուկյանը և Հարություն Ղարագյոզյանը հրաժարականի դիմում էին ներկայացրել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նրանց մանդատները հատկացրել է ինքնաբացարկ ներկայացրած պատգամավորների ընտրական տարածքներում առավել շատ ձայներ հավաքած հաջորդ թեկնածուներին:



