Քանոնահար Մերի Մուսինյանը կմասնակցի «Սերունդների մեղեդիներ» միջազգային երաժշտական փառատոնին
КУЛЬТУРА
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա նախաշեմին՝ մայիսի 28-ին, Մոսկվայում՝ Կրեմլի մեծ պալատի Գեորգիևյան դահլիճում՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնական նստավայրում, կմեկնարկի «Սերունդների մեղեդիներ» միջազգային V մանկական երաժշտական փառատոնը՝ Ռուսաստանի նախագահական նվագախմբի մասնակցությամբ: Փառատոնի հեղինակ և ղեկավար՝ Ռուսաստանի նախագահական նվագախմբի ղեկավար Վերա Կրիլովա: Այս մասին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ Հայաստանից փառատոնին կմասնակցի Երևանի Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի աշակերտ, միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիր Մերի Մուսինյանը /դասատու՝ Ծովինար Հովհաննիսյան/:
Պատանի քանոնահարը կկատարի Ծովինար Հովհաննիսյանի «էքսպրոմտ» ստեղծագործությունը:
«Սերունդների մեղեդիներ» միջազգային մանկական երաժշտական փառատոնը բարեգործական է, այն նպաստում է մշակութային միջազգային համագործակցության ամրապնդմանն ու զարգացմանը: Նպատակ ունի ուշադրություն հրավիրել մանկական երաժշտական կրթության և դաստիարակության հարցերին, հայտնաբերել պատանի տաղանդավոր երաժիշտների, ովքեր կշարունակեն կատարողական դպրոցի լավագույն ավանդույթները:
Նշենք նաև, որ «Սերունդների մեղեդիներ» միջազգային մանկական երաժշտական փառատոնին Հայաստանի պատվիրակները մշտապես ցուցաբերել են իրենց գործուն մասնակցությունը: 2014 թվականին մասնակցել է Անդրեյ Կուրբետը /դաշնամուր/, 2015 թվականին` Արմեն Պուչինյանը /դաշնամուր/, 2016 թվականին Անի Աթայանը /դաշնամուր/:




















































