Գյումրիում շահագործման կհանձնվեն սոցիալական բնակարաններ
ОБЩЕСТВОԳյումրիում ամռանը շահագործման կհանձնվեն սոցիալական բնակարաններ:
Գյումրու քաղաքապետարանի և «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի համագործակցության արդյունքում, Գյումրիում շարունակվում են սոցիալական բնակարանների կառուցման աշխատանքները: Աշխատանքներն իրականացվում են փուլերով: Նախատեսված է առաջին փուլում շահագործման հանձնել 11 բնակարան, որոնք շահառուներին կտրամադրվեն վիճակահանության միջոցով: Այս բնակարանների շինարարական աշխատանքերն արդեն ավարտված են, և ընթացքի մեջ են ներքին հարդարման աշխատանքները: «Այս փուլով ավարտվում է շենքի 1 մուտքի բնակարանների կառուցումը: Դրանք նախատեսվում են շահագործման հանձնել հուլիս-օգոստոս ամիսներին: Արդեն մշակվում են չափորոշիչներ, թե ովքեր են դառնալու այդ բնակարանների շահառուներ»,-«Արմենպրես»-ին տեղեկացրեց Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը՝ փաստելով, որ սա պիլոտային ծրագիր է, բայց հետագայում նախատեսված է ունենալ մինչև 100 նմանատիպ բնակարան: «Սա ավարտելուց հետո մենք դոնորների հետ նորից կբանակցենք, որ ծրագիրը շարունակենք»,-նշեց Հենրիկ Գասպարյանը:
Սոցիալական բնակարանների կառուցման նպատակով Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը և «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Հրահատ Ստեփանյանը 2016 թվականի հուլիսին կնքել էին համագործակցության հուշագիր, որով պայմանավորվել էին համագործակցել «Գյումրին առանց տնակների» ծրագրի շրջանակներում և սոցիալապես անապահով ընտանիքներին ապահովել սոցիալական բնակարանով:
Ըստ ծրագրի՝ սոցիալական բնակարանները կառուցվում են ոչ հիմնովին. դրանք քաղաքում առկա կիսակառույց բնակելիների շարունակությունն են: Այս նախաձեռնությամբ միաժամանակ լուծվում են երկու կարևոր խնդիրներ՝ կիսակառույցների և անօթևանության:
Արմենուհի Մխոյան



