Արցախում վիրավորված զինծառայողները բացառիկ մանրամասներ են պատմում. 1in.am (տեսանյութ)
ВИДЕОՍեպտեմբերի 25-ին զորամասերից մեկի պահպանության շրջանի ուղղությամբ հրանոթից արձակված արկերի պայթունների հետևանքով վիրավորում ստացած 16 զինծառայողներից վեցը տեղափոխվել էին Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիալի վնասվածքաբանական բաժանմունք: Նրանցից երեքն ավարտել են բուժումը, գտնվում են բուժական արձակուրդում, մյուս երեքը՝ շարունակում են մնալ հոսպիտալում: Առաջիկայում նրանց կվիրահատեն: Գրել է 1in.am-ը:
Հոսպիտալի վնասվածքաբանական բաժանմունքի պետ Լևոն Ժամագործյանը մեզ հետ զրույցում նշեց, որ վիրավոր երեք զինծառայողներից մեկն արդեն վիրահատվել է անցած շաբաթ: Բոլորի վիճակը գնահատվում է բավարար:
Վիրավոր զինվոր Դավիթ Քուշկյանը մեզ ցույց տվեց, թե ինչպես է բեկորը մտել ոտքի հետևի կողմից և դուրս եկել: Ութ ամիս առաջ Դավիթը մեծ սիրով գնաց բանակ, խոստովանում է, որ առաջին չորս ամսիներին սահմանը հանգիստ էր, մինչդեռ վերջին ամիսներին լարվածությունն աննախադեպ էր: Տեղի ունեցածից որևէ բան չի հիշում: Առաջիկայում նրան սպասվում է բարդ վիրահատություն: Վիաբուժության բաժանմունքի պետ Սևակ Շահբազյանն էլ նշեց, որ այս պահին վիրաբուժական բաժանմունքում երկու վիրավոր զինվոր կա, որտեղ երկուսի վիճակն էլ գնահատվում է բավարար, արագ ապաքինվում են:
«Բարդություններ չունենք, երկու հիվանդի մոտ էլ գնում է լավացում: Հրազենային վիրավորումների ընթացքը երկար է տևում, բայց մինչև ամսվա վերջ կապաքինվեն»,- հավելեց նա: Խաչատուր Պապիկյանը երեք ամիս առաջ ավարտեց քոլեջը և զորակոչվեց բանակ: Կատարվածը, խոստովանում է, անակնկալ էր, որևէ մեկը չէր սպասում նման բան: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ ապաքինվելու դեպքում կվերադառնա ծառայության:
«Գնացել էինք պալիգոն, կրակեցին մեզ վրա, մեջքիս վրա էլ վնասվածք կա, բայց կամաց- կամաց կապաքինվեմ: Ցանկանում էի գնալ բանակ ծառայեի, ծառայելուց հետո էլ հետագա կյանքս կառուցել»,- ասաց նա:
Մանրամասները՝ սկզբանղբյուր կայքում:



