«Արտախորհրդարանական ուժերը հիմա կիսամահացած վիճակում են». Արմեն Բադալյան
ПОЛИТИКАԱրտախորհրդարանական ուժերը, որոնք որոշակի ակտիվություն նախկինում ցուցաբերել էին, հիմա՝ խորհրդարանական ընտրություններից հետո, գտնվում են կիսամահացած վիճակում: Tert.am-ի հետ զրույցում, խոսելով խորհրդարան չանցած և իրենց գործունեությամբ պասիվացած քաղաքական ուժերի մասին, այսպես ասաց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:
«Հիմա իրենք կակտիվանան, թե վերջնականապես կմահանան, պարզ չէ: Հնարավոր է, որ նրանք նորից ակտիվանան՝ կախված իրենց աշխատանքից: Եթե նրանք շարունակեն ոչինչ չանել, մնալ այն վիճակում, ինչ հիմա են, կմահանան»,- ասաց նա:
Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետը կոնկրետ կուսակցությունների օրինակով խոսեց. նշեց, որ առաջինը կմահանա «Ժառանգությունը», հետո «Համախմբումը» և այսպես շարունակ:
Արման Բադալյանը արտախորհրդարանական ուժերի պասիվության և նրանց վախճանի մասին խոսելիս՝ հստակեցրեց, որ ինքը իրավիճակը ներկայացնում է՝ հաշվի առնելով նախկինում ակտիվություն դրսևորածներին և ոչ թե մարդ-կուսակցություններին:
Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետի խոսքով՝ կուսակցությունների գործունեությունը բավականին բարդ գործընթաց է ենթադրում․ նրանց համար կարևոր նպատակն, իհարկե, ընտրություններին մասնակցելն է, և, բնականաբար, խորհրդարանական մեծամասնություն ստանալն ու իշխանություն ձևավորելն է, կամ՝ գոնե խորհրդարան մտնելը, սակայն դրանով միայն չպետք է սահմանափակվեն:
«Բայց եթե ընտրություններից հետո արտախորհրդարանական քաղաքական ուժերը ցանկանում են կենսունակ մնալ, պետք է աշխատեն, գործունեություն իրականացնել հանրապետության տարածքում: Նրանք պետք է գործեն կուսակցությունների համար նախատեսված ուղղություններով՝ լուսավորչական, կրթական, գաղափարախոսական, սերնդի աճեցման և այլն: Եթե այդպես չեն անում, երկու պատճառ ունեն՝ կամ չգիտեն դրա մասին, կամ էլ այնքան մեծամիտ են, որ մտածում են, որ իրենց պետք չէ դա»,- ասաց նա:
Կուսակցությունների մասին, որոնք իրենց անգործությունը պատճառաբանում են քաղաքական արձակուրդ գնալով, քաղաքական տեխնոլոգիաների փորձագետն ասաց․ «Նրանք կարող են արձակուրդ գնալ ամռանը, օգոստոսին, երբ բոլորն են արձակուրդի մեջ, ինչը բնական է: Բայց զուտ քաղաքական արձակուրդի գնալ ապրիլ, մայիս ամիսներին, պարզապես անտրամաբանական է»:
Արմեն Բադալյանը նշեց, որ կուսակցաշինությունը բավականին բարդ գործ է, որը մասնագետի կարիք ունի: «Եթե դու քաղաքական գործիչ ես, չի նշանակում, որ կարող ես կուսակցություն աշխատացնել»,- ասաց նա՝ նշելով, որ շատ կուսակցություններ չեն ցանկանում նոր մարդ բերել իրենց կուսակցություն, որ իրենց վարկանիշը չընկնի, նրանց փոխարինող չլինի:
Բադալյանը հիշատակեց Հանրապետական կուսակցության նախաձեռնություններից քաղաքական դպրոցի հիմնումը, որը, ըստ նրա, լավ գաղափար է: «Գաղափարը շատ լավն էր, ուրիշ բան, որ հնարավոր է՝ լավ չաշխատեցնեն»,- ասաց նա:
Արտախորհրդարանական ուժերի անգործությունը, ըստ փորձագետի, մեծ իմաստով քաղաքական դաշտում խնդիրներ կառաջացնի: «Երբ հասարակությունը տեսնում է, որ քաղաքական ուժերը չեն աշխատում, քաղաքական դաշտը մահանում է, որոշում է երկրից արտագաղթել, որովհետև տեսնում է, որ այս երկիրն ապագա չունի: Ընդդիմությունը հասարակության կողմից ստեղծված գործիք է իշխանության դեմ պայքարելու ընթացքում: Եթե հասարակությունը տեսնում է, որ ինքը չի կարողանում այդ գործիքը ստեղծել, մտածում է, որ իշխանություն դեմ չի կարող պայքարել և հուսալքվում է»,- ասաց նա:



