Մեղրի գետի ավազանը ծանրաբեռնվում է ՓՀԷԿ-երով. Ծառեր են հատվելու. կառաջանա անապատացման վտանգ
ОБЩЕСТВОՓոքր հիդրոէներգոկասկադի կառուցման համար ՀՀ կառավարությունը մայիսի 18-ին հարկային արտոնություն տվեց «Գրին Փաուր» ՍՊԸ-ին: 3 տարի ժամկետով հետաձգվեց ընկերության կողմից ներմուծվող ապրանքների ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը, հաղորդում է «ԷկոԼուրը»։
Ըստ պաշտոնական տեղեկատվության` ընկերությունը ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքում կառուցելու է 3.5 ՄՎտ հզորությամբ փոքր հիդրոէներգոկասկադ՝ օգտագործելով նշված տարածքի գետերի պոտենցիալը: Ընկերությունը նպատակադրված է կատարել ընդհանուր շուրջ 1 միլիարդ ՀՀ դրամի չափով ներդրում, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի մոտ 311.4 միլիոն ՀՀ դրամ։
Վերջերս բնապահպանական դրական եզրակացություն ստացավ «Գրին Փաուր» ՍՊԸ-ի 3.31 ՄՎտ հզորությամբ «Չքնաղ» ՓՀԷԿ-ի կառուցման հայտը, համաձայն որի ՓՀԷԿ-ի կառուցումը հակասության մեջ է մտնում «Արեւիք» ազգային պարկի պահպանման ռեժիմի հետ։
«Չքնաղ» ՓՀԷԿ-ի կառուցման համար նախատեսվում են ծառահատումներ: Ջրառի պատճառով գետի որոշակի հատվածում կդիտվի ջրի ելքերի նվազում, եւ կխախտվեն գետի հիդրավլիկական, ջերմային, նստեցման եւ հունալվացման, ինչպես նաեւ ջրի ինքնամաքրման ռեժիմները: Գետի ողողահունի խոնավացման ռեժիմի վատացման հետեւանքով կառաջանա անապատացման վտանգ, կփոխվեն տեղական ձկների բնական սնման, ձվադրման եւ բազմացման պայմանները:
«Գրին Փաուր» ՍՊԸ-ն Մեղրի գետի վրա արդեն իսկ շահագործում է «Մեղրի-1» ՓՀԷԿ-ը:



