Արցախյան կարգավորման հեռանկարների վերաբերյալ Մամեդյարովի արտահայտված մտքերն ուշագրավ են
БЛОГԱրման Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Արցախյան կարգավորման հեռանկարների վերաբերյալ պարոն Մամեդյարովի կողմից արտահայտված մտքերն ու օգտագործված ձևակերպումներն իրոք ուշագրավ են մի շարք պատճառներով: Եթե նրա խոսքը ճիշտ է թարգմանվել, ապա «խաղաղություն՝ զորքերի դուրսբերման կամ տարածքների դիմաց» բանաձևը միանգամայն երկիմաստ է հնչում: Այդ բանաձևն ակնհայտորեն լուծման երկու տարբերակ է պարունակում, ու եթե «տարածքներ՝ խաղաղության դիմաց» տարբերակը միանգամայն պարզ է ու ենթադրում է, որ հայկական զինուժն ինչ-ինչ տարածքներ լքում է, և դրանք անմիջապես անցնում են ադրբեջանական իշխանությունների վերահսկողության տակ, ապա «խաղաղություն՝ զորքերի դուրսբերման դիմաց» ձևակերպման տրամաբանությունը հուշում է, որ այս դեպքում հայկական զինուժի դուրսբերումն անմիջապես Ադրբեջանին տարածքների հանձնում կարող է և չնախատեսել: Այսինքն՝ սա մի տարբերակ է, որի կիրառման դեպքում հայկական զինուժը ետ է քաշվում, նրա փոխարեն ներկայիս շփման գծում տեղակայվում է երրորդ պետության զինուժը, որին հակամարտության կողմերի փոխհամաձայնության հիման վրա կարող է խաղաղապահ զորախմբի կարգավիճակ տրվել:



