Նոբելյան մրցանակը նոր հնչեղություն կտա իմ ձայնին. Սվետլանա Ալեքսիեւիչ
ОБЩЕСТВОԳրականության ասպարեզում 2015 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիր բելառուս գրող Սվետլանա Ալեքսիեւիչն այն կարծիքին է, որ հեղինակավոր մրցանակը ավելի մեծ կշիռ կտա իր խոսքին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
«Կարծում եմ, որ իմ ձայնը նորովի կհնչի: Համենայն դեպս իշխանություններին այլեւս հեշտ չի լինի խույս տալ ինձանից: Նրանք ստիպված կլինեն անսալ ինձ: Բացի այդ, կան շատ մարդիկ, ովքեր հոգնել են եւ այլեւս ուժ չունեն հավատալու ինչ-որ բանի: Նրանց համար դա նույնպես կարող է ինչ-որ բան նշանակել»,- ասել է Ալեքսիեւիչը «Սվենսկա դագբլադետ» շվեդական թերթի ներկայացուցչի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում:
Պարգեւի շնորհման վերաբերյալ լուրից հետո իր զգացողությունները նա նկարագրել է «բարդ» բառով:
«Նույն մակարդակի վրա լինել Բորիս Պաստեռնակի, Ալեքսանդր Սոլժենիցինի, Իվան Բունինի հետ, դա եւ հիանալի է, եւ տխրալի: Այսուհետեւ այդ պարգեւը ընդմիշտ կմնա իմ ուսերին: Դա նշանակում է, որ ավելի դժվար է լինելու աշխատել»,- ասել է գրողը:
Սվետլանա Ալեքսիեւիչը (ծնվել է 1948 թվականին) համաշխարհային ճանաչում ունեցող բելառուս արձակագիր է, որը գրում է ռուսերենով: Նրա գրչին են պատկանում Հայրենական մեծ պատերազմի եւ Չեռնոբիլի աղետի մասին պատմող ստեղծագործություններ, այդ թվում՝ «Պատերազմը կանացի դեմք չունի», «Վերջին վկաները», «Ցինկե տղաները», «Չեռնոբիլյան աղոթք» եւ ուրիշներ:
Նոբելյան մրցանակով նրա պարգեւատրման ամսին հոկտեմբերի 8-ին հայտնի է դարձել Ստոկհոլմում:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Սվետլանա Ալեքսիեւիչին շնորհավորել է Նոբելյան մրցանակի արժանանալու կապակցությամբ: Այդ մասին տեղեկացրել է նախագահի մամուլի ծառայությունը: «Ձեր ստեղծագործությունն անտարբեր չի թողել ոչ միայն բելառուսներին, այլեւ աշխարհի շատ երկրների ընթերցողների»,- նշել է Լուկաշենկոն:
«Հուսով եմ, որ ձեր պարգեւը կծառայի մեր պետությանն ու բելառուս ժողովրդին»,- հավելել է Լուկաշենկոն՝ Ալեքսիեւիչին մաղթելով «առողջություն, երջանկություն եւ ստեղծագործական նոր ձեռքբերումներ՝ ի բարօրություն հարազատ Բելառուսի», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



