Ասիական երկրներում սկսվել է WannaCry վիրուսի երկրորդ ալիքը
МЕЖДУНАРОДНОЕWannaCry հաքերային վիրուսը, որն ավելի վաղ կաթվածահար էր արել աշխարհի ավելի քան 150 երկրներում կազմակերպությունների և հաստատությունների համակարգչային համակարգերը, շարունակում է տարածվել ասիական երկրներով: Այդ մասին հայտնում է The Associated Press գործակալությունը:
Կիբեռհարձակումների առաջացման դեպքում աջակցություն տրամադրող JPCERT ճապոնական ոչ կառավարական կազմակերպության տվյալներով՝ հաքերների նոր հարվածը Ճապոնիայում հասցվել է երկու հազար համակարգչի: Ընդ որում՝ հաքերները հարձակում չեն գործել Ճապոնիայի կառավարական հաստատությունների վրա, բայց վիրուսին բախվել են այնպիսի խոշոր ընկերություններ, ինչպիսիք են Nissan Motor-ը և Hitachi-ն:
Անվտանգության և համացանցի հարցերով կորեական գործակալությունից էլ հայտնել են, որ առնվազն հինգ հարավկորեական ընկերություն իր համակարգերի վրա հարձակում է գրանցել: Դրանց թվում է երկրում կինոթատրոնների ամենախոշոր CJ CGV ցանցը:
Չինաստանում հաքերների հարձակումից տուժել է «հարյուր հազարավոր» համակարգիչ՝ մոտ 30 հազար համալսարաններում և այլ կրթական հաստատություններում: Հարձակման են ենթարկվել նաև համակարգչային համակարգեր առևտրային և գրասենյակային կենտրոններում, հիվանդանոցներում, երկաթուղային կայարաններում, փոստային ծառայություններում և մի շարք կառավարական հաստատություններում:
Ինչպես հաղորդվել է ավելի վաղ, WannaCry վիրուսն արգելափակել է առնվազն 200 հազար համակարգիչ՝ 150 երկրում: Արգելափակումից հանելու համար զոհերից պահանջում են 200-600 դոլար, որը հարկավոր է փոխանցել նշված հաշիվներին բիթքոինի տեսքով:
Նաև նշվել էր, որ աշխարհի 150 երկրի հարյուր հազարավոր բնակիչներին վնաս պատճառած կիբեռհարձակումը կատարողներն ավելի քան 42.000 դոլար են ստացել, սակայն կիբեռհարձակման զոհ դարձածների ուղարկած գումարները շարունակում են հաշվեհամարներին մնալ:



