Զարուհի Փոստանջյանը որեւէ իրավունք չունի մտնելու ՀՀԿ շտաբ. Շարմազանով
ПОЛИТИКАNEWS.am-ը գրում է.
«Երկիր Ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի հայտարարությունները մերկապարանոց են, իրականությանը չեն համապատասխանում, իսկ նրա գործողություններն էլ ապօրինի են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ շտաբի պետ, կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նշենք, որ Զարուհի Փոստանջյանը քիչ առաջ մտել է Ավանում ՀՀԿ շտաբերից մեկը եւ պահանջում է բացել դարակները, որտեղ իր պնդմամբ, գտնվում են ընտրակեղծարարության փաստեր: ՀՀԿ-ի շտաբի աշխատակիցները, սակայն, հրաժարվում են բացել դարակները: Փոստանջյանը հայտարարել է, որ նախօրեին այստեղ ընտրակաշառք է բաժանվել, որի ապացույցները, համապատասխան ցուցակները հենց այդ դարակում են:
«Տիկին Փոստանջյանը խանգարում է ընտրության բնականոն գործընթացը, խոչընդոտում է «Հանրապետական» կուսակցության շտաբի բնականոն աշխատանքը: Սա ընդունեք որպես մեր շտաբի պաշտոնական հայտարարություն: Նա որեւէ իրավունք չունի մտնելու ՀՀԿ շտաբ:
Ինչ վերաբերում է ցուցակներին, ո՞վ է ասել, որ որեւէ մեկը ցուցակ ունենալու իրավունք չունի: Ի՞նչ իրավունքով է նա մտել նախընտրական շտաբ եւ խոչընդոտում այդ պահին մեր ակտիվի աշխատանքը: Իսկ այդ ցուցակները մեր ակտիվի ցուցակներն են, մի քանի ցուցակ էլ ինձ մոտ կա, կարող է գալ, ինձնից էլ պահանջել: Ես, որպես շտաբի պետ, իրավունք ունեմ ունենալու եւ´ ակտիվի, եւ´ կուսակիցների, եւ´ ընտրողների ցուցակներ»,-ասաց Էդուարդ Շարմազանովը:
Նա հորդորեց թույլ տալ իրենց շտաբին նորմալ աշխատել: Իսկ ընտրակաշառքի մասին ապացույցներ ունենալու դեպքում ՀՀԿ շտաբի պետը հորդորեց դրանք ներկայացնել իրավապահ մարմիններին:



