Հայաստանի ոստիկանապետը քվեարկեց հանուն կայունության
ПОЛИТИКАԵրևանի 9/ 21 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքն է կատարել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Քաղաքապետի նախընտրած թեկնածուի օգտին քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում Վլադիմիր Գասպարյանը նշել է, որ քվեարկել է հանուն կայունության:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ նաև լրագրողների այն դիտարկմանը, թե ընդդիմադիր գործիչներն անհրաժեշտություն են համարում ՀՀԿ-ի շտաբի մոտ ոստիկանների կողմից հսկողություն սահմանելը:
«Ոստիկանները բոլոր քաղաքական ուժերի շտաբերի մոտ ուշադիր են` սկսած Հանրապետականից վերջացրած «Երկիր ծիրանի»-ով»,-ասաց Վլադիմիր Գասպարյանը:
Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությունը մեկնարկել է ժամը 08:00-ից: Մայրաքաղաքի 474 ընտրական տեղամասերում քվեարկությունը կշարունակվի մինչև ժամը 20:00-ն, որից հետո տարածքային ընտրական հանձնաժողովներում կսկսվի ձայների հաշվարկը: Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է երեք քաղաքական ուժ՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Երկիր Ծիրանի» կուսակցությունը և «Ելք» կուսակցությունների դաշինքը: Հայաստանի Հանրապետական կուսակցության ցուցակը գլխավորում է Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, «Երկիր Ծիրանի» կուսակցության ցուցակը՝ Զարուհի Փոստանջյանը, իսկ «Ելք» դաշինքի՝ Նիկոլ Փաշինյանը:



