Երևանում մեկնարկել է ավագանու ընտրությունների քվեարկությունը
ПОЛИТИКАՄեկնարկել է Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությունը. ժամը 08:00-ից մայրաքաղաքում բացվել են բոլոր 474 ընտրական տեղամասերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քվեարկությունը կշարունակվի մինչև ժամը 20:00-ն, որից հետո տարածքային ընտրական հանձնաժողովներում կսկսվի ձայների հաշվարկը:
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է երեք քաղաքական ուժ՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Երկիր Ծիրանի» կուսակցությունը և «Ելք» կուսակցությունների դաշինքը: Հայաստանի Հանրապետական կուսակցության քաղաքապետի թեկնածուն Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանն է, «Երկիր Ծիրանի» կուսակցության թեկնածուն Զարուհի Փոստանջյանը, իսկ «Ելք» դաշինքն առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը:
Ընտրությունները լուսաբանելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել են տեղական 32, միջազգային երեք լրատվամիջոցներ: Մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրված միջազգային լրատվամիջոցներն են` «Արևելք»-ը, T24 օրաթերթը, «Կավկազսկիյ ուզել»-ը:
Երևանի ավագանու ընտրությունների նկատմամբ տեղական լրատվամիջոցների հետաքրքրությունը բավականին մեծ է: Տեղական լրատվամիջոցներից ընտրությունները լուսաբանելու համար ամենաշատ ներկայացուցիչներ հավատարմագրել է «Ազատություն» ռադիոկայանը` 40 ներկայացուցիչ: Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը հավատարմագրել է 35 ներկայացուցիչ, «Շանթ» հեռուստաընկերությունը` 23, Armrus.info կայքը` 37, «Հայկական ժամանակ» օրաթերթը` 24 ներկայացուցիչ: Ընդհանուր առմամբ Երևանի ավագանու ընտրությունները լուսաբանելու համար ԿԸՀ-ում հավատարմագրվել են Զ ԼՄ 436 ներկայացուցիչ:
Ընտրությունները դիտարկելու համար ԿԸՀ-ում հավատարմագրվել են դիտորդական առաքելություն իրականացնող տեղական 17 կազմակերպություն: Ընդհանուր առմամբ Երևանի ավագանու ընտրությունները կդիտարկեն 5138 դիտորդ: Երևանի ավագանու ընտրությունների նկատմամբ այնքան էլ մեծ չէ միջազգային դիտորդական կազմակերպությունների հետաքրքրությունը: Ընտրությունները լուսաբանելու համար ԿԸՀ-ում հավատարմագրվել է ընդամենը մեկ միջազգային դիտորդական կազմակերպություն` Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը:
Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ձևավորել է տեղամասային կենտրոնները ու ներկայացրել դրանց տեղակայման վայրերը: Երևանում ձևավորվել է 10 տարածքային ընտրական հանձնաժողով: Առաջին տարածքային ընտրական հանձնաժողովը ներառում է Ավան վարչական շրջանը, երկրորդը՝ Նոր Նորք վարչական շրջանը, երրորդը՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանը, չորրորդը՝ Արաբկիր վարչական շրջանը, հինգերորդը՝ Դավթաշեն վարչական շրջանը, վեցերորդը՝ Աջափնյակ վարչական շրջանը, յոթերորդը՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը, ութերորդը՝ Շենգ ավիթ վարչական շրջանը, իններորդը՝ Նորք-Մարաշ և Կենտրոն վարչական շրջանները, տասներորդը՝ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանները: Ընդհանուր առմամբ Երևանում կգործի 474 ընտրական տեղամաս:



