Թուրքիայում խոսքի ազատության խնդիրներն այս տարի կսրվեն. ԱՄՆ հետախուզության տնօրեն
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայում 2017թ-ի ընթացքում կարող է սրվել իշխանությունների կողմից ԶԼՄ-ների նկատմամբ իրականացվող ճնշումների և խոսքի ազատության սահմանափակման արդյունքում ստեղծված լարվածությունը:
Այս մասին գրում է թուրքական «Հաբերլեր»-ը:
«Թուրքիայում իշխանությունների կողմից խոսքի ազատության սահմանափակման հետևանքով առաջացած լարվածությունը կարող է սրվել 2017թ-ի ընթացքում»,- ասել է ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Դանիել Քոաթսը ԱՄՆ սենատում մայիսի 11-ին տեղի ունեցած լսումների ժամանակ:
Դանիել Քոաթսի խոսքով` այդ լարվածությունը կարող է աճել բավականին կարճ ժամանակահատվածում:
Ըստ նրա` Թուրքիայում խոսքի ազատության սահմանափակմանն ուղղված իշխանության քայլերը կարող են հանգեցնել ժողովրդական ընդվզման:
Թուրքիայում նախորդ տարվա հուլիսի 16-ի գիշերը տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձին հաջորդած ժամանակահատվածում՝ ապրիլին թուրքական դատախազության ներկայացրած մեղադրանքների արդյունքում ձերբակալվել է ընդդիմադիր Ջումհուրիյեթ թերթի 19 լրագրող: Լրագրողները մեղադրվում են հեղաշրջման փորձի կազմակերպմանը մասնակցություն ունենալու մեջ:
Հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի ներկայիս իշխանությունները հետևողականորեն ճնշումներ են իրականացնում ԶԼՄ-երի վրա և սահմանափակում խոսքի ազատությունը:
Պաշտոնական Անկարան, որպես հեղաշրջման փորձի գլխավոր կազմակերպիչ համարում է Թուրք կրոնական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենին, ով այժմ որպես քաղաքական վտարանդի բնակվում է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում:



