Հայտնաբերվել է Արցախում ջրահեղձ եղած երրորդ զինծառայողի դին
ОБЩЕСТВОԱյսօր հայտնաբերվել է մայիսի 8-ից անհետ կորած` ՊԲ ժամկետային զինծառայող Ռուբեն Մնացականյանի դին:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
« Որոնողա-փրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ՊԲ ժամկետային զինծառայող Ռուբեն Մնացականյանի դին: Նշանակվել է փորձաքննություն»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ մայիսի 8-ի առավոտյան ահազանգ է ստացվել, որ ժամկետային երեք զինծառայողներ, N զորամասի պարետային դասակի ավտոմոբիլային ջոկի վարորդներ Ռուբեն Մնացականի Բարսեղյանը, Ռաֆայել Արթուրի Բիշարյանը և նույն զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի բուժկետի վարորդ-սանիտար Ռուբեն Հովհաննեսի Մնացականյանը չեն մասնակցել առավոտյան տողանին: Բացակայում է նաև պարետային դասակին պատկանող «ՈՒԱԶ-315195» մակնիշի ՊԲ6Լ-004 զինհամարանիշի ավտոմեքենան:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ երեք զինծառայողներին վերջին անգամ տեսել են միասին «ՈՒԱԶ-315195» մակնիշի ավտոմեքենայի մեջ, որը կայանված է եղել զորամասի մշտական տեղակայման վայրում: Դրանից հետո մեքենան նկատվել է զորամասից դուրս՝ Մատաղիս-Տոնաշեն ավտոճանապարհի սկզբնամասում` դեպի Տոնաշեն երթևեկելիս:
Տարածքի զննությամբ` Տոնաշեն գյուղ տանող ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրին ընթացքի ուղղությամբ արձանագրվել են անվահետքեր, որոնք վերջացել են` դուրս գալով ճանապարհի երթևեկելի մասից, որից մոտ 50 մետր խորության վրա հոսում է գետ: ԱՀ փրկարար ծառայության աշխատակիցների կողմից գետում` մոտ 9 մետր խորության վրա, հայտնաբերվել է «ՈՒԱԶ-315195» մակնիշի զինհամարանիշի ավտոմեքենան:
Որոնողական աշխատանքների արդյունքում ժամկետային զինծառայողներ Ռ.Ա.Բիշարյանի և Ռ.Մ.Բարսեղյանի մարմինները հայտնաբերվել էին մայիսի 8-ին, իսկ Ռուբեն ՄՆացականյանի դին շարունակում էին որոնել:



