Թրամփը դարձյալ անակնկալի է բերել բոլորին
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դարձյալ անակնկալի է բերել բոլորին՝ ԱՄՆ գլխավոր դատախազ Շեֆ Սեշընսի և նրա տեղակալ Ռոդ Ռոզենշտեյնի առաջարկի հիման վրա պաշտոնից ազատելով Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավար Ջեյմս Կոմիին: Սպիտակ տան խոսնակ Շոն Սփայսերի ներկայացմամբ՝ ԱՄՆ նախագահն այդ քայլին է գնացել այն պատճառով, որ Կոմին ի վիճակի չէ արդյունավետորեն ղեկավարել գերատեսչությունն ու պատշաճ կերպով կատարել պարտականությունները:
Ավելին՝ առկա փաստերը Թրամփին հանգեցրել են այն համոզման, որ ՀԴԲ ղեկավարն ուզուրպացրել է իշխանությունը՝ ստանձնելով գլխավոր դատախազի լիազորություներն ու հայտարարելով, թե Քլինթոնը չի խախտել ամերիկյան օրենսդրությունը, որ ոչ մի խելամիտ դատախազ նրան չի մեղադրի անձնական փոստը ծառայողականի փոխարեն օգտագործելու համար, և դա նույնիսկ այն դեպքում, երբ նամակների մի մասը գաղտնի տեղեկություններ են պարունակել: Ի դեպ, փորձագետներն արդեն նշում են, թե Թրամփի որոշումը անակնկալ կարող էր լինել մնացածի, բայց ոչ Կոմիի համար: Ավելին՝ տեսակետ կա, թե հենց իր պաշտոնանկությունն աչքի առաջ ունենալով ՀԴԲ նախկին ղեկավարը մի քանի օր առաջ կոշտ քաղաքական հայտարարություններ արեց՝ Ռուսաստանին ամերիկյան ժողովրդավարության տեսանկյունից մենամեծ սպառնալիքը համարելով և խոստանալով ձերբակալել ռուս հաքերներին երրորդ երկրներում:
Ստացվում է՝ կամ դեմոկրատները Կոմիի խայծը կուլ տվին, կամ ուղղակի որոշեցին օգտվել իրավիճակից, իրենց հերթին բարձրաձայնելով, թե Թրամփը ՀԴԲ ղեկավարին աշխատանքից ազատել է՝ Ռուսաստանի հետ նախկինում ունեցած իր կապերը ջրի երես չբերելու պատրվակով: Ընդ որում, հատուկ մոռացության տալով այն հանգամանքը, որ ընդամենը մի քանի օր առաջ հենց իրենք և ԱՄՆ նախագահի էքս–թեկնածու Հիլարի Քլինթո՛նն էր մեղադրում Ջեյմս Կոմիին իր պարտության և անուղղակիորեն Թրամփի օգտին աշխատելու հարցում: Ինքը՝ Թրամփն, իհարկե,անպատասխան չէր թողել այդ մեղադրանքները, սակայն, նոր մեղադրանքներին առայժմ չի արձագանքել:
Առայժմ նա միայն փորձել է առանձնացնել Կոմիի անձը ՀԴԲ–ից՝ հայտարարելով, թե այն ԱՄՆ–ի ամենաարժեքավոր ազգային գերատեսչությունն է, և, որ՝ ներկայումս պարզապես նոր էտապ է սկսվում, ինչը դեռ առիթ կտա այստեղ ծառայող իրավապահների աշխատանքով հպարտանալու: Դեմոկրատները, սակայն, անհողդող են. նրանք Թրամփի այս քայլը 1973–ի շաբաթօրյա «ջարդի» հետ են համեմատել, երբ նախագահ Ռիչարդ Նիքսոնն ազատեց Ուոթերգեյսյան սկանդալը հետաքննող անկախ դատախազին: Սենատում Դեմոկրատական խմբակցության ղեկավար Չակ Շումերն, օրինակ, հայտարարեց, թե ինքն արդեն խոսել է Դոնալդ Թրամփի հետ՝ նրան հայտնելով, որ շատ սխալ է գործել՝ Կոմիին ազատելով:
Ըստ Շումերի՝ Թրամփն իրեն ընդհանուր առմամբ ոչինչ չի պատասխանել, ինչը չի նշանակում, թե դեմոկրատներն էլ իրենց հերթին են լռելու: Ըստ նրա՝ Մոսկվա–վարչակազմ կապերի և դրանց՝ ամերիկյան ընտրությունների վրա ազդելու մասին ճշմարտության բացահայտման միակ ձևն այժմ արդեն անկախ հետաքննություը կլինի: Բայց թե ով և ինչպես այն առաջ կտանի՝ պարզ չէ: Հստակ է միայն այն, որ Թրամփին դեռ ծանր օրեր են սպասվում: Ինչ վերաբերում է Կոմիին՝ առայժմ նրա լիազորություններն իր վրա է վերցրել ՀԴԲ փոխնախագահ Անդրյու Մըքքեյբը, իսկ Սպիտակ տունը հայտարարել է նոր թեկնածուի փնտրտուքի մասին:
Գոհար Սիմոնյան



