«Արդարության օգտին ա. Հակոբ Բեգլարյանը գոհ է իր կողմից ընտրակաշառք բաժանելու առթիվ ՀՔԾ որոշումից. «Փաստ»
ПОЛИТИКА«Փաստ» օրաթերթը գրում է.
Տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի եղբայրը՝ Կենտրոնից ընտրված ՀՀԿ թեկնածու Հակոբ Բեգլարյանը, «Փաստի» հետ զրույցում հայտարարեց, թե ՀՔԾ–ն ոչ թե իր, այլ «արդարության» օգտին է որոշում կայացրել:
Նշենք, որ չնայած Կենտրոնում Հակոբ Բեգլարյանի օգտին ընտրակաշառք առաջարկելու բազմաթիվ ահազանգերին և ապրիլի 2–ին Կոնդի նրա նախընտրական շտաբում ընտրակաշառքի ցուցակների առկայությանը, որն արձանագրել էր «Ազատության» թղթակիցը, Հատուկ քննչական ծառայությունը գտավ, որ այդտեղ հանցակազմ չկա ու գործը կարճեց:
Ըստ ՀՔԾ–ի՝ ապրիլի 2–ին «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը իշխող ուժի թեկնածուի նախընտրական շտաբում արձանագրել է ոչ թե ընտրակաշառք, այլ աշխատավարձ բաժանելու դեպք: Նշենք, որ խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրը՝ ապրիլի 2–ին, «Ազատության» թղթակից Սիսակ Գաբրելյանը Երևանի Կոնդ թաղամասում՝ նկատել էր, որ ընտրողները, նախքան տեղամաս գնալը, մտնում են պատգամավորության թեկնածու Հակոբ Բեգլարյանի շտաբ: Դուրս գալուց նրանցից մի քանիսի ձեռքին թղթակիցը գումար էր նկատել, ինչից հետո նույնպես մտել է շտաբ: Տեղում գտնվող անձինք, նկատելով լրագրողին, պարզաբանել էին, որ ոչ թե ընտրակաշառք են բաժանում, այլ աշխատավարձ:
«Փաստի» հարցին, թե տեղեկություն կար, որ ինքը բավական թանկ գին է վճարել մանդատի համար, Բեգլարյանը հայտարարեց. «Ո՞վ ա ասել: Ով որ ասել ա, իրան էլ հարցրեք թանկ գնի համար»: Հստակեցմանը, թե ինչպե՞ս հասկանանք այն ցուցակները, որոնցով մարդկանց իր անունից գումար էին առաջարկում, Բեգլարյանն ասաց. «Տենց բան չի եղել, ես չգիտեմ տենց բան: Եթե դուք տեղյակ եք, խնդրեմ, ասեք, իմանանք»:
«Փաստի» դիտարկմանը, թե համոզված է, որ քննությունն իր օգտին է, Բեգլարյանը հակադարձեց. «Ոչ, արդարության օգտին ա լինելու, որը արդարություն ա, նա էլ հաղթելու ա»: Հարցին, թե գո՞հ է, որ ի վերջո դարձավ պատգամավոր և մանդատը ի՞նչ խնդիր է լուծելու իր կյանքում, Բեգլարյանն ասաց. «Իմ կյանքում ոչ մի բան չի լուծելու, իսկ ես շատ գոհ եմ»:
Նախկին պաշտոնյա Հակոբ Բեգլարյանը «Փաստի» հիշեցմանն ի պատասխան նաև հայտարարեց, թե 2012 թ.–ին իր հեռացումը «Գնումների աջակցման կենտրոնի» պետի պաշտոնից, Սերժ Սարգսյանի բարկության հետ կապ չուներ։
«Սերժ Սարգսյանը իմ վրա չէր բարկացել: Վարչապետն էլ հասկացավ, որ պետգնումների հետ ոչ մի կապ չի ունեցել էդ կենտրոնը, որից հետո իր սխալը ուղղեց վարչապետը և ինձ առաջարկեց ավելի բարձր պաշտոն»,–հայտարարեց Բեգլարյանը: Հստակեցմանն ի պատասխան հայտարարելով. «Այո, մալադեց, ես շատ գոհ եմ իրանից»:
Հիշեցնենք, որ 2012 թ. կառավարության նիստում նախագահ Սերժ Սարգսյանը բարկացած դժգոհեց պետգնումների գործընթացից, ինչից հետո «Գնումների աջակցման կենտրոնի» պետ Հակոբ Բեգլարյանը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ հեռացվեց իր պաշտոնից։
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:



