Ճամբարակի արդիականացված առողջապահության կենտրոնը կվերաբացվի մեկ ամսից
ОБЩЕСТВОՃամբարակի առողջապահության կենտրոնում ավարտին են մոտենում հիմնանորոգման եւ արդիականացման աշխատանքները, որոնք կատարվել են ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական խոստումների շրջանակներում, ՀՀ կառավարության կողմից ներդրած միջոցների հաշվին: Ինչպես ներկայացրեց Ճամբարակի առողջապահության կենտրո նի տնօրեն Արմենակ Մելքումյանը, շենքի շինարարական, կահավորման եւ վերազինման աշխատանքները կավարտվեն առաջիկա մեկ ամսվա ընթացքում, եւ Ճամբարակը կունենա արդի չափորոշիչներին համապատասխան բուժհաստատություն` հիվանդանոցային, արտահիվանդանոցային եւ շտապօգնության ծառայություններով: Աշխատանքային հերթական այցի ընթացքում Ճամբարակի առողջապահության կենտրոնում Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը ծանոթացել է շինարարական աշխատանքների, կահավորման եւ տեխնիկական վերազինման ընթացքին` բուժհաստատության տնօրինությանը հանձնարարելով միջոցներ ձեռնարկել նկատված շինարարական թերությունների վերացման ուղղությամբ:»Շինարարական թերություններն արդեն մեր կողմից վեր են հանված եւ ներկայացված են շինարարական կազմակերպությանը եւ ՀՀ առողջապահության նախարարության Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրինությանը: Կարծում եմ, որ մինչեւ նորացված բուժհաստատության վերաբացումը բոլոր թերությունները վերացված կլինեն»,-նշեց տնօրենը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարության Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Նելսոն Զուլոյանը եւս հավաստեց, որ մինչեւ նոյեմբերի առաջին տասնօրյակի ավարտը Ճամբարակի առողջապահական կենտրոնը գործել կսկսի նորացված ու արդիականացված վիճակում:



