Մեկնարկել է Save Lives, #SlowDown ճանապարհային անվտանգության արշավը
ОБЩЕСТВОՃանապարհային անվտանգության ազգային խորհուրդը կրկին միացել է ՄԱԿ-ի կողմից հռչակված գլոբալ անվտանգության շաբաթ արշավին, որն այս տարի կրում է Save Lives, #SlowDown՝ «Փրկեք կյանքեր, նվազեցրեք արագությունը» խորագիրը։ Արշավն իրականացվում է աշխարհի տարբեր երկրներում՝ ներառյալ Հայաստանում մայիսի 8-14-ն ընկած հատվածում։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ճանապարհային անվտանգության ազգային խորհրդից, կառույցն այս տարի արշավն իրականացնում է Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքում։ Խորհրդի ծրագրերի ղեկավար Տաթևիկ Հովհաննիսյանը նշում է․ «Այս տարի որոշեցինք ծրագիրն անցկացնել հանրապետության հարավային մարզում, քանի որ շատ միջոցառումներ իրականացվում են մայրաքաղաքում և մոտ մարզերում, իսկ հեռավոր մարզերը երբեմն դուրս են մնում ուշադրությունից։ Ծրագրի նպատակն է բարձրացնել կապանցիների իրազեկվածությունն ու զգոնությունը ճանապարհայն անվտանգության վերաբերյալ, քանի որ այնտեղ վերջին շրջանում քիչ չեն պատահարները»։
Ծրագիրն իրականացվում է Global Alliance of NGOs for Road Safety, EASST կազմակերպությունների և Հայաստանի ավտոմոբիլային ակումբի աջակցմամբ` համագործակցելով տեղի Ճանապարհային ոստիկանության, Կապանի քաղաքացիական երիտասարդական կենտրոնի, «Հուսո Երիցուկ» հ/կ-ի և Ջինիշյանի հիշատակի հիմնադրամի ակտիվ երիտասարդության հետ։
Ծրագրի հիմնական թիրախներն են ինչպես վարորդները, այնպես էլ հետիոտները։ Արշավի մասնակիցները առաջիկա օրերին կշրջեն փողոցներով՝ հետիոտներին բաժանելով ճանապարհային երթևեկության կանոնների վերաբերյալ թռուցիկներ, իսկ վարորդներին կհորդորեն այս տարվա ՄԱԿ-ի հռչակած կարգախոսը՝ դանդաղեցնել արագությունը և փրկել կյանքեր։



