Շիրակի մարզում մեկնարկեցին մայիսյան հաղթանակներին նվիրված միջոցառումները
ОБЩЕСТВОՇիրակի մարզում մայիսի 8-ին մեկնարկեցին մայիսյան հաղթանակներին նվիրված միջոցառումները: Ավանդույթի համաձայն՝ այս անգամ ևս մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներն իրենց օրը սկսեցին Արցախյան ազատամարտի նահատակների հիշատակը հավերժացնող հուշահամալիր այցելելով: «Շիրակ» գերեզմանատան ազատամարտիկների պանթեոնում հանգչում է Արցախյան հերոսամարտի մասնակից գյումրեցի 54 ազատամարտիկ:
Մարզային եւ քաղաքային իշխանություններից բացի, զինակից ընկերների հիշատակը հարգելու և անցած հերոսական օրերը վերապրելու համար, ազատամարտիկների պանթեոն այցելեցին նաեւ գյումրեցի ազատամարտիկները, զոհվածների հարազատները: Արցախի ազատագրման համար կյանքը զոհել է 150 գյումրեցի, սակայն այսօր էլ ազատամարտիկները պատրաստ են այդ նահատակությանը՝ հանուն հայրենիքի: Դա է վկայում նաև պանթեոնում՝ 2016 թվականին ավելացած գերեզմանների թիվը՝ ապրիլյան պատերազմի հերոս նահատակ զինվորերը ևս այստեղ են հանգչում: «Այսօր և՛ հարգանքի օր է, և՛ պարծենալու՝ մենք ունեցանք Շուշիի ազատագրում: Պետք է կարողանանք այդ հաղթանակները պահպանել»,- նշեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: «Շուշիի ազատագրմամբ մենք կարողացանք ապացուցել, որ կանք և կարող ենք հաղթել, այն էլ փառահեղ կերպով»,-լրագրողների հետ զրույցի ժամանակ նշեց Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը:
Արմենուհի Մխոյան



