«Պատերազմում ուզում ես, որ հողերը պահես, ընկերդ չզոհվի»
ОБЩЕСТВОAsparez.am-ը գրում է.
Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից, «Դրաստամատ Կանայան» մեդալակիր, գյումրեցի Յաշա Նալբանդյանն ասում է, որ առողջական խնդիրներ ունի:
Նա 2015-2017 թվականներին ծառայել է ԼՂՀ ՊԲ Աղդամի շրջանի սակրավորային զորամասերից մեկում: Պատերազմի ընթացքում մասնակցել է Աղդամի, Թալիշի եւ Մատաղիսի մարտական գործողություններին: Ծառայության ընթացքում առաջ են եկել ողնաշարի հետ կապված առողջական խնդիրներ, բայց բուժման համար պետական աջակցություն չի ստացել: «Ծնողներս դիմել են նախարարություն, բայց չեն օգնել: Ասել են, որ այդպիսի հրաման չկա»,-ասում է նա: Թեպետ նրա զինգրքույկում նշված է, որ պատերազմի մասնակից է, սակայն այս փաստն արտոնություն չի սահմանում:
Յաշան առողջական խնդիրների պատճառով թողել է աշխատանքը: «Առողջական վիճակս գնալով վատացավ, էլ չէի կարողանում աշխատել»,-պատմում է Յաշան:
Պատերազմական օրերի մասին մեծ դժվարությամբ է խոսում: Ապրիլի 1-ին եւ 2-ին եղել է Աղդամի շրջանում, կատարել ինժեներական աշխատանքներ:

«Դաշտի մեջ գործ էինք անում եւ սպասում, որ սնարյադը մեր վրա է ընկնելու»,- պատմում է Յաշան եւ ավելացնում, որ Աղդամի դաշտերից մեկում հերթական ականապատման աշխատանքների ժամանակ թշնամու ականը իրենից ընդամենը 200 մետր հեռավորության վրա է ընկել: Դեպքից մեկ ամիս հետո նույն դաշտում արժանացել է «Դրաստամատ Կանայան» մեդալի:
«Պատերազմում ոչ մի բան չես զգում: Ուզում ես, որ հողերը պահես, ընկերդ չզոհվի…»,-ասում է եւ պատմում, որ ապրիլյան պատերազմի առաջին զոհը իր մանկության ընկերն է եղել՝ 20-ամյա Վլադիմիր Մելքոնյանը:
Յաշան եւ Վլադիմիրն իրար ճանաչել են թաղից, ապա միասին առաջին դասարան ընդուվել, իսկ հետո՝ քոլեջ:
«Ապրիլի 3-ին, որ Մատաղիսում էի՝ ասացին, որ լեննականցի մի տղա է զոհվել՝ Վլադիմիր անունով: Չհավատացի, որ իմ ընկերն է, հետո օգոստոսին, երբ արձակուրդ եկա, իմացա, որ նա է…»,-եզրափակում է Յաշա Նալբանդյանը:
Նարեկ Կիրակոսյան



