Էլեկտրոնային կառավարում, էներգախնայողության ծրագրեր՝ միասին ենք կառուցելու ապագայի խելացի Երևանը
ОБЩЕСТВОՏարոն Մարգարյանը մայիսի 4-ին նախընտրական հանդիպում ունեցավ հարազատ Ավանում: Past.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ հանդիպմանը ներկա էին նաև ավագանու թեկնածուներ Սմբատ Լպուտյանը, Լևոն Իգիթյանը, Նաիրա Նահապետյանը, Արա Երնջակյանը, Աստղիկ Գևորգյանը, Մանվել Ջավադյանը: Գործող քաղաքապետը հիշեցրեց, որ 4 տարի առաջ իրենց թիմը ներկայացրել է «Ավելի լավ Երևան ծրագիրը»:
Նրա խոսքով՝ ծրագիրը կյանքի է կոչվել, բայց բազմաթիվ խնդիրներ դեռ կան: «Վստահաբար կարող եմ ասել՝ մենք ունենք փորձառու, բանիմաց, աշխատասեր թիմ, որը գիտի իր անելիքները»,-ասաց Տ. Մարգարյանը: Քաղաքապետի թեկնածուն նաև ներկայացրեց մի քանի ծրագրային դրույթներ: Նա կարևորեց էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրումը:

«Երևանցին պետք է մասնակից լինի քաղաքապետարանի կողմից կայացված այն որոշումների կայացմանը,որոնք իրեն են վերաբերում»,-հայտարարեց Մարգարյանը՝ վստահեցնելով, որ հաջորդ տարիներին հասնելու են դրան: Հանրապետական կուսակցության ցուցակի առաջատարը խոսեց էներգախնայողության մասին և ընդգծեց, որ Երևանը չպետք է զիջի աշխարհի զարգացած քաղաքներին: Ավանում Տարոն Մարգարյանը կրկին խոսեց տրանսպորտի, բնակֆոնդի պահպանման, դպրոցների, մանկապարտեզների վերանորոգման հարցերի մասին:

Նա նաև հիշեցրեց, որ Երևանում շուրջ 30.000 երեխա անվճար հաճախում է մանկապարտեզ, բոլոր վարչական շրջաններում կան շախմատի տներ, որտեղ անվճար հաճախում է շուրջ 6000 երեխա: Քաղաքապետի խոսքով՝ ամբողջությամբ վերանորոգվել են, մշակույթի տները, սպորտդպրոցները, երաժշտական դպրոցները: Հետագայում նախատեսվում է մանկապարտեզների կապիտալ նորոգում: «Ջեզանից մեկը լինելով՝ տեղյակ եմ ձեր դարդ ու ցավին»,- շեշտեց Տարոն Մարգարյանը:



