Իսպանիայի Մալագա քաղաքում բացվեց ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակը
ОБЩЕСТВОՄալագայում մայիսի 3-ին հանդիսավոր կերպով բացվեց ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Արարողության ներկաների թվում էր Մալագայի քաղաքապետ Ֆրանսիսկո դե լա Տոռեն, Մալագայում ԻԹ Կառավարության պատվիրակ Միգել Բրիոնեսը, Մալագայում գործող հյուպատոսական ներկայացուցչությունների ղեկավարներ, հայտնի քաղաքական գործիչներ, գործարարներ, մշակույթի գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև Իսպանիայում Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչ Շնորհք աբեղա Սարգսյանը:
Իսպանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ավետ Ադոնցն իր ողջույնի խոսքում շնորհավորեց ներկաներին Մալագայում ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակի բացման առթիվ՝ այն համարելով ևս մեկ կարևոր ձեռքբերում հայ-իսպանական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման ուղղությամբ: Երախտիքի խոսքեր հնչեցին նաև քաղաքային իշխանությունների հասցեին՝ Մալագայում տասնամյակներ շարունակ բնակվող մեր հայրենակիցների նկատմամբ հյուրընկալ վերաբերմունքի, նրանց հուզող խնդիրների նկատմամբ անտարբեր չմնալու և ցուցաբերվող շարունակական աջակցության համր: Այս համատեքստում կարևորվեց անցած տարի Մալագայի քաղաքային խորհրդի կողմից Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչող և դատապարտող հայտարարության ընդունումը:
Մալագայում ՀՀ պատվավոր հյուպատոս Ալբերտո Բենիտո Գարսիան, իր հերթին շնորհակալություն հայտնեց վստահության համար և շեշտեց, որ իր համար իսկապես պատիվ է լինել Հայաստանի ներկայացուցիչն Իսպանիայի այդ հատվածում: Հավելեց, որ իր պարտականությունները կատարելու է ամենայն պատասխանատվությամբ և մեծ հետաքրքրվածությամբ:
Ողջույնի խոսքով հանդես եկան նաև քաղաքապետ Ֆրանսիսկո դե լա Տոռեն և Մալագայում ԻԹ Կառավարության պատվիրակ Միգել Բրիոնեսը, ովքեր հայտնեցին իրենց պտրաստակամությունը՝ սատարել հայ-իսպանական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը, ինչպես նաև՝ պատվո հյուպատոսության գործունեությանը:
Բացման արարողությանը նվիրված ընդունելությունը տեղի ունեցավ քաղաքի պատմական Սուրբ Կատալինա ամրոցում, որին ներկա էին շուրջ 200 հրավիրյալներ: Միջոցառմանը լայնորեն անդրադարձ եղավ նաև տեղական ԶԼՄ-ներում, որոնց ներկայացուցիչները նույնպես հրավիրված էին արարողությանը:



