Ավելի արդյունավետ կլինի բնակֆոնդի պահպանումը և համատիրությունների կառավարումը. քաղաքապետ
ОБЩЕСТВОԵրևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանն այսօր հանդիպեց Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջանի բնակիչների հետ: Past.am-ի փոխանցմամբ՝ քաղաքապետին ուղեկցում էին ավագանու թեկնածուներ Սմբատ Լպուտյանը, Լևոն Իգիթյանը, Նաիրա Նահապետյանը, Արա Երնջակյանը, Աստղիկ Գևորգյանը, Մանվել Ջավադյանը: Մարգարյանն ընդգծեց՝ անցած չորս տարիների ընթացքում ունեցանք ավելի լավ Երևան, բայց դա չի նշանակում, որ Երևանում անելիքներ չկան: Ըստ ՀՀԿ ցուցակի առաջին համարի՝ քաղաքացիների կողմից բարձրացված հարցերը ներառվել են կուսակցության նախընտրական ծրագրում: «Երևանը չպետք է զիջի ոչ մի զարգացած մայրաքաղաքի»,-հայտարարեց Տարոն Մարգարյանը:

Զեյթունցիների հետ քաղաքապետի թեկնածուն կրկին խոսեց խնդիրների մասին: Նա առանձնացրեց տրանսպորտի, բազմաբնակարան շենքերի հարցերը: «Մեր նախընտրական ծրագրում հստակ նշված է, որ օրենսդրական փոփոխություններ են կատարվելու համատիրությունների կառավարման ոլորտում: Վստահաբար կարող եմ ասել՝ այդ փոփոխություններից հետո թե՛ քաղաքացիների, թե՛ քաղաքային իշխանությունների կողմից ավելի վերահսկելի, ավելի արդյունավետ կլինի բնակֆոնդի պահպանումը և համատիրությունների կառավարումը»,- ասաց Մարգարյանը:

Քաղաքապետի խոսքով՝ Երևանն ունի բազմաթիվ տեսարժան վայրեր, որոնք չենք կարողանում հավուր պատշաճի ներկայացնել: Դրանց թվին են պատկանում՝ Էրեբունի թանգարանը, Հաղթանակ զբոսայգին, Կարմիր բլուրը, Շենգավիթ հնագույն տարածքն է: Տ. Մարգարյանը հայտնեց, որ ՀՀԿ ծրագրում նախատեսված է այդ վայրերն ավելի գրավիչ դարձնել զբոսաշրջիկների համար: «Մենք նպատակ ունենք խորացնել համայնք-մասնավոր համագործակցությունը, որպեսզի ունենանք թե՛ աշխատատեղերի ավելացում, թե՛ Երևան քաղաքի համաչափ զարգացում»,-նշեց Տարոն Մարգարյանը:



