«Հանգիստ տեղներս չենք նստել, ուսումնասիրել ենք միջազգային փորձը». Տարոն Մարգարյանը՝ տրանսպորտի հարցերի մասին
ОБЩЕСТВО«Նուբարաշենը կունենա իր հաջորդ մանկապարտեզը»,- Տարոն Մարգարյանը՝ նուբարաշենցիներին:
Երևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանն այսօր հանդիպեց Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչների հետ:
Past.am-ի փոխանցմամբ՝ քաղաքապետին ուղեկցում էին ավագանու թեկնածուներ Նաիրա Նահապետյանը, Արթուր Կիրակոսյանը և Ենոք Ազարյանը:
«Այս տարիների ընթացքում, լսելով նուբարաշենցիներին, պարզ է դարձել, որ մեկ մանկապարտեզը քիչ է ու ձեռքներս ծալած չենք նստել, մտածել ենք երկրորդ մանկապարտեզը ստեղծելու մասին: Հիմա կարող եմ ասել, որ ունենք այդ պայմանները, ունենք այդ հնարավորությունը, արդեն մեկնարկը տվել ենք, Նուբարաշենը կունենա իր երկրորդ մանկապարտեզը:
Մեր Նուբարաշենի փոքրիկներն արդեն առանց հերթ, հանգիստ կայցելեն մանկապարտեզ»,- հայտարարեց Տարոն Մարգարյանը։
Ըստ քաղաքապետի՝ իրենց ծրագրի հաջորդ գլխավոր ծրագիրը հասարակական տրանսպորտն է։ Այս թեմայի շուրջ նա ասաց. «Խնդրին երեք տարի առաջ փորձեցինք մասամբ լուծում տալ, բայց մեզ չհաջողվեց։ Սակայն հանգիստ տեղներս չենք նստել, գիտակցել ենք, որ տրանսպորտի ոլորտը ճգնաժամ է ունենալու։ Այս տարիների ընթացքում, ուսումնասիրելով զարգացած քաղաքների փորձը, որտեղ տրանսպորտը գտնվում է շատ բարձր մակարդակի վրա, վարձել ենք խորհրդատու և ընդամենը մեկ-երկու ամսվա ընթացքում խորհրդատուն ամբողջությամբ կներկայացնի մեզ, թե ինչպես ենք դա իրականություն դարձնելու»։
Տարոն Մարգարյանը խոսել է նաև նուբարաշենցիների համար այնպիսի կարևոր հարցերից, ինչպիսիք աղբավայրի հարցն է:
Ներկայացնելով առաջիկա զարգացման ծրագրերը՝ ասել է. «Կկառուցվի միջազգային չափանիշներին համապատասխան նոր աղբավայր, իսկ ներկայիս աղբավայրն էլ կմեկուսացվի ու դրա տեղում կլինի ամբողջությամբ կանաչ տարածք: Տարիներ անց Երևանի գալիք սերնդին գուցե նույնիսկ դժվար լինի հավատալ, թե այդ տեղում երբևէ եղել է աղբավայր: Կկառուցվի նաև աղբի տեսակավորման և վերամշակման գործարան, ինչպես նաև արտանետվող գազերի հավաքման և այրման կայան, որը կարտադրի էլեկտրաէներգիա»:
Հանդիպումից հետո Տարոն Մարգարյանը ջերմորեն շփվել է ինչպես համաքաղաքացիների հետ, այնպես էլ պատասխանել է լրագրողների հարցերին:





