Ինչու է թրթռում աչքը. հիվանդություններ, որոնք կարող են այդ երևույթի պատճառ դառնալ
ЛАЙФMed.tert.am-ը գրում է.
Մարդկանց մեծամասնությունը գիտի, որ աչքի կոպը կարող է սկսել անակնկալ թրթռալ ցանկացած պահի: Այս երևույթը ոչ այլ ինչ է, քան աչքի մոտ գնվող մկանների կամ նյարդի սպազմը: Այս թրթռոցը կյանքի համար վտանգավոր չէ, սակայն կարող է վկայել առողջական լուրջ խնդիրների մասին: Բացի այդ, դա բավական նյարդայնացնող երևույթ է:
Աչքի թրթռոցը գիտականորեն բացատրվում է որպես «կոպի (որպես կանոն՝ վերին) կրկնվող, անկառավարելի թարթում կամ սպազմ»: Այս մկանային սպազմը կարող է ազդել ինչպես մեկ, այնպես էլ երկու աչքի վրա, և կարող է տևել մի քանի վայրկյանից մինչև մի քանի րոպե: Հատուկենտ դեպքերում այս թրթռոցը կարող է շարունակվել մի քանի օր:
Ինչով է պայմանավորված աչքի թրթռոցը
Այս հարցի շուրջ ոչ մի որոշակի պատասխան չկա: Որպես կանոն՝ այն կապված է լինում սթրեսի և հոգնածության հետ, սակայն կոֆեինի, ծխախոտի և ալկոհոլի չարաշահումը նույնպես կարող է ազդել աչքի չորության, լարվածության, գրգռվածության կամ ալերգիաների վրա: Հաճախ աչքի թրթռոցն առաջանում է առանց պատճառի: Ընդհանուր առմամբ՝ այս սպազմներն անվնաս են ու անցավ:
Մյուս կողմից՝ լինում են դեպքեր, երբ աչքի թրթռոցը պայմանավորված է լինում այնպիսի նյարդաբանական հիվանդություններով, ինչպիսին են բլեֆարոսպազմը (կոպակծկում՝ կոպի աննորմալ թարթում կամ սպազմ), ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզը: Բլեֆարոսպազմն ավելի հաճախ հանդիպում է կանանց մոտ: Միայն ԱՄՆ-ում ամեն տարի այս հիվանդության շուրջ 2000 նոր դեպք է գրանցվում:
Չնայած, որ սա լուրջ հիվանդություն չէ, հիվանդի վիճակը կարող է վատանալ, ինչը հանգեցնում է լույսի հանդեպ զգայունության, տեսողության աղոտության և դեմքի մկանային սպազմների: Վատագույն դեպքում աչքի սպազմների հետևանքով կոպը կարող է մի քանի ժամով փակվել:
Հետևյալ ախտանշաններից որևէ մեկի առկայության դեպքում հարկավոր է անմիջապես դիմել ակնաբույժին.
· մեկ շաբաթից ավել տևող աչքի ջղաձգումներ,
· սպազմերի հետևանքով ամբողջությամբ փակված աչք,
· ամբողջ դեմքի վրա ազդող ջղաձգումներ,
· աչքերի ուռածություն, կարմրածություն կամ արտադրություն:
Ակնաբույժին այցելցելով կարելի է բացառել նյարդաբանական հիվանդությունները, սակայն այնուամենայնիվ կա հավանականություն, որ լինի նյարդաբանին կամ այլ մասնագետին այցելելու կարիք
Եթե աչքի թրթռոցի հիմնական պատճառը նյարդաբանական խանգարումները չեն, ապա խնդիրը հարկավոր է լուծել սթրեսի մակարդակն ու կոֆեինի գործածությունը նվազեցնելու միջոցով:
Առողջ քունը նույնպես շատ օգտակար է: Ցանկության դեպքում կարելի է նաև փորձել տաք ու սառը կոմպրեսներ դնել՝ աչքերի մկանները թուլացնելու համար: Բացի այդ, տհաճ զգացողություններից ազատվելու այլընտրանքային տարբերակ կարող են լինել նաև ասեղնաբուժությունն ու մերսումները:



