Նուբարաշենը նոր մանկապարտեզ կունենա. ՀՀԿ-ն շարունակում է ավագանու ընտրությունների քարոզարշավը
ОБЩЕСТВОԵրևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները հանդիպում ունեցան Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչների հետ: ՀՀԿ-ի քարոզչական թիմը գլխավորում էր Երևանի քաղաքապետ, ավագանու առաջիկա ընտրություններում Երևանի քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանը:
Երևանի քաղաքապետը նուբարաշենցիներին վստահեցրեց, որ ընտրություններում իր թիմին վստահելու պարագայում առաջիկա 5 տարիների ընթացքում երևանցիները տեսնելու են ավելի կանաչ և ավելի բարեկարգ Երևան: Տարոն Մարգարյանն անդրադարձավ Երևանում մանկապարտեզների, սպորտդպրոցների, կրթական օջախների, մշակույթի տների վերանորոգման խնդիրներին` ընդգծելով, որ իրենք նախընտրական ծրագրում ամրագրել են այդ ամենի վերանորոգման շարունակականությունը: «Նուբարաշենցիները միշտ բարձրաձայնել են, որ մեկ մանկապարտեզը քիչ է Նուբարաշենի համար: Եվ մենք ձեռքներս ծալաÕ ® չենք նստել: Այսօր կարող ենք ասել, որ ունենք այդ հնարավորությունը և արդեն տվել ենք մեկնարկը: Նուբարաշենը կունենա ևս մեկ մանկապարտեզ: Եվ դա լինելու է շարունակական»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Տարոն Մարգարյանը:
Նա անդրադարձավ նաև Երևանի հասարակական տրանսպորտի ոլորտում առկա խնդիրներին` խոստանալով շատ կարճ ժամանակահատվածում լուծել խնդիրը: «Քաղաքային տրանսպորտի խնդիրը բոլորիս է հուզում: Մենք երեք տարի առաջ փորձել ենք մասամբ լուծում տալ, սակայն մեզ դա չհաջողվեց: Այդ ընթացքում տեղներս հանգիստ չենք նստել` գիտակցելով, որ այս հարցում ճգնաժամի առաջ ենք կանգնելու: Այս տարիների ընթացքում ուսումնասիրել ենք միջազգային փորձը, վարձել ենք խորհրդատուներ, և ընդամենը մեկ-երկու ամսվա ընթացքում խորհրդատուն կներկայացնի մեզ, թե ինչպես ենք մենք այս խնդիրը լուծելու: Երևանցին ունենալու է ապահով տրանսպորտ, մենք կարողանալու ենք որակյալ սպասարկում իրականացնել: Մենք բարեփոխելու ենք համակարգը` միասնական տոմս, ամբողջությամբ թարմ ավտոբուսներ: Մեր տրանսպորտային համակարգը չի զիջելու ոչ մի զարգացած քաղաքում գործող համակարգին»,- ասաց Երևանի քաղաքապետը:
Դիմելով հավաքվածքներին` Տարոն Մարգարյանը նշեց, որ խնդրում են հնարավորություն տալ շարունակել իրենց ծրագրերը, Երևանի զարգացման հնգամյա ծրագիրը, որը շատ կարևոր է մայրաքաղաքի համար: Նա վստահեցրեց, որ իրենց փորձառու թիմը կարող է կյանքի կոչել բոլոր նախանշված ծրագրերը:
Եզրափակելով խոսքը` Երևանի քաղաքապետն ընդգծեց, որ տարվա մեջ մի քանի անգամ այցելում է Նուբարաշեն վարչական շրջան, լսում է բնակիչներին, ծանոթանում բոլոր խնդիրներին: Նրա խոսքով` իրենց այդ խնդիրները լուծելու համար ժամանակ է հարկավոր` վստահեցնելով, որ նուբարաշենցիների հետ միասին կարողանալու են լուծում տալ բոլոր խնդիրներին:



