«Նոյ» գործարանում հրաժարվում են ընդունել բերքը. խաղողագործները փակել են Երեւան-Արտաշատ մայրուղին
ОБЩЕСТВОԱրարատի մարզի մի քանի գյուղերի խաղողագործներ, որոնք բերքը մեքենաներում բեռնած արդեն 3-ից 5 օր է` կանգնած են Մասիսում գտնվող «Նոյ» գինու, կոնյակի կոմբինատի դիմաց, փակել են Երեւան-Արտաշատ մայրուղու մի կողմը:
NEWS.am-ի թղթակիցը հողորդում է, որ գյուղացիները փողոցը փակել են բեռնատարներով: Ոստիկանները փորձել են հեռացնել մեքենաները, սակայն խաղողագործները թույլ չեն տվել:
«3-ից 5 օր է` կանգնել ենք, չեն ընդունում խաղողը, գյուղնախարարություն ենք զանգել, փորձել ենք կապնվել տնօրինության հետ, ոչ մի արդյունք: Գործարանի դռները փակել են, տնօրինությունից ասում են` որոշողը Գագիկ Ծառուկյանն է, մենք չենք կարող միջամտել: Կառավարության թեժ գիծ ենք զանգել, պատասխանում են, որ կառավարությունը նման հարցերով չի զբաղվում: Ոչ ոք գյուղացիներին չի օգնում»,- NEWS.am-ին ասաց Արեւաշատի բնակիչ, խաղողագործ Բաբկեն Հարությունյանը` նշելով, որ գործարանի տնօրինությունը բերքը չընդունելը պատճառաբանել է նրանով, որ բերքի որակը չի համապատասխանում պահանջվող չափանիշներին:
Գյուղացիները պնդում են, որ իրենց բերքի որակը համապատասխանում է բերքի ընդունման պահանջներին, եւ գործարանի տնօրինությունը անհիմն պատճառաբանություն է բերում:
Գյուղացիներին այս պահին մոտեցել է Արարատի մարզպետը:
Նշենք, որ վերջին շրջանում Արարատի մարզում գյուղացիները խաղողով լցված բեռնատարներով պարբերաբար փակում են մայրուղին՝ պահանջելով մթերել իրենց խաղողի բերքը: Մեկ անգամ նրանց հետ է հանդիպել վարչապետը, խոստացել լուծում տալ խնդրին: Գյուղացիները հանդիպման օրը կարողացել են մթերել բերքը, սակայն հաշված օրեր անց նորից նույն խնդրի առջեւ են կանգնել:



