Գերմանիան չի պատրաստվում ֆինանսական աջակցություն տրամադրել Թուրքիային
МЕЖДУНАРОДНОЕԳերմանիան չի պատրաստվում մոտ ապագայում ֆինանսական աջակցություն տրամադրել Թուրքիային։ Այդ մասին հայտնել են Գերմանիայի կառավարության մամուլի ծառայությունից, գրում է demokrathaber.org-ը:
Գերմանիայի կառավարությունը նման հայտարարություն է արել ի պատասխան Թուրքիայի ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքի այն խոսքերի, թե անկման մեջ գտնվող տնտեսությունը ոտքի հանելու համար իրենք ունեն Գերմանիայի օգնության կարիքը:
Գերմանիայի կառավարությունում նշել են, որ նման հարց իրենց օրակարգում չկա և մոտ ապագայում չի լինի:
Հիշեցնենք, որ Բեռլինի և Անկարայի միջև հարաբերությունները սրվել են վերջերս Ստամբուլում գերմանական պարբերականի թուրք լրագրող Դենիզ Յուջելի ձերբակալությունից ու կալանավորումից հետո: Նա թուրքական իշխանությունների կողմից կասկածվում է «ահաբեկչական կազմակերպությանը հարելու, տվյալների անօրինական օգտագործման, ահաբեկչության քարոզչության համար»: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պահանջել է Անկարայից ազատ արձակել Յուջելին։
Լարվածության ֆոնին Գերմանիայում չեղարկվել են Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի, արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի և էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչիի ելույթներն ու հանդիպումները տեղի թուրքական համայնքի հետ:
Իր հերթին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն, ի պատասխան Բեքիր Բոզդաղի` տեղի թուրքական համայնքի հետ հանդիպման չեղարկմանը, Բեռլինի ներկայիս քաղաքականությունը համեմատել էր «անցյալում նացիստների գործողությունների» հետ։



