Սահմանամերձ Նոյեմբերյանում 16-րդ անգամ վիճարկվեց ամենաինտելեկտուալի կոչումը (ֆոտոշարք)
ОБЩЕСТВОԱրդեն գեղեցիկ ավանդույթ դարձած՝ Նոյեմբերյանի տարածաշրջանային «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ամենամյա փառատոնը 16-րդ անգամ իր հյուրընկալ դռներն էր բացել մարզի ինտելեկտուալ աշակերտների առաջ: Փառատոնին մասնակցում էին 25 թիմեր՝ Նոյեմբերյանի և հարակից գյուղերի, Դիլիջանի դպրոցներից, ինչպես նաև՝ «ԱՍԱԼԱ» անունը կրող թիմը՝ զորամասից:

Փառատոնի կազմակերպիչ Արմեն Ամիրաղյանն ուրախությամբ փաստում է, որ տարեցտարի ավելանում է մրցույթով հետաքրքրվողների շրջանակը և լիահույս է, որ այն շարունակական է լինելու.
«Ակտիվությունն այս տարի աննախադեպ է՝ հատկապես Դիլիջանի դպրոցների թիմերի կողմից: Նախորդ տարի փառատոնին 19 թիմ էր մասնակցում, իսկ այս տարի արդեն մասնակիցների թիվը 25-ն է: Այլ խնդիր է երեխաների կարդալու ձգտումը, որը շատ է նվազում, և մեր խնդիրը հենց այդ ձգտումը մեծացնելն է:

Որակական առումով աճը նկատել մի քիչ դժվար է, բայց տեղեկացվածության առումով առաջընթացն ակնհայտ է: Ուղղակի ֆունդամենտալ գրքեր քիչ են կարդում, և ես ստիպված եմ հարցերը զուտ ինֆորմացիոն բլոկի վրա կազմել, ոչ թե դասական ստեղծագործությունների կամ առարկայական իմացությունների», - Past.am-ի հետ զրույցում նշեց Ամիրաղյանը:
Փառատոնն անցկացվում է Նոյեմբերյանի համայնքապետարանի, ավագանու, Նոյմեբերյանի ավագ դպրոցի, ինչպես նաև՝ «Հույսի կամուրջ» ՀԿ-ի աջակցությամբ, ովքեր էլ ամեն տարի տրամադրում են մրցանակային տեղերի համար սահմանված նվերները: Հատուկ անվանակարգերի համար նվերներ էին սահմանել նաև հյուրերից շատերը, իսկ «Աննկուն կամք» գավաթը սահմանվել էր Սպորտի և երիտասարդության նախարարության կողմից:

Անդրանիկ Վերանյանն առաջին տարին չէ, ինչ նախագահում է փառատոնի ժյուրին, և երկար տարիների փորձը նրան ընդհանրություններ անելու, որոշակի գնահատականներ տալու հնարավորություն է ընձեռում.
«Մասնակիցները հաստատ ավելի տեղեկացված են, բայց գիտելիքի առումով միշտ չէ, որ կարող եմ նույնը պնդել: Փորձը ցույց է տալիս, որ գիտելիքը շատ հաճախ ունենում է այն երեխան, ով ինքն է զբաղվում իր կրթությամբ կամ ծնողը, քանի որ միայն դպրոցական դասընթացը բավական չէ: Այս խաղը պայմաններ է ստեղծում, որ երեխաներն ավելի շատ գրքեր քրքրեն, գրքից չհրաժարվեն:
Մենք միշտ փորձում ենք գիտելիքը, գիրքը «գովազդել», այդ է պատճառը, որ մեր հովանավորներից շատերը գիրք են նվիրում հաղթողներին: Ի սկզբանե մեր նպատակն է եղել այս կարգի միջոցառումներով երեխաներին ոգևորել, մոտիվացնել, քանի որ սա նրանց այն տարիքն է, երբ պետք է իրենց գիտելիքների հիմնական պաշարը կուտակեն»,- նշեց Վերանյանը:

Երկու փուլից բաղկացած մրցույթում, որոնցից յուրաքանչյուրը ներառում էր 17 հարց, 23 միավորով, (փառատոնի պատմության մեջ 4-րդ անգամ), հաղթող դարձավ սահմանամերձ Բերդավան գյուղի «Նեմեսիս» թիմը, իսկ թիմի ավագ Էրիկ Էզդանյանը ճանաչվեց լավագույն խաղացող.
«Մենք պատրաստվում ենք փառատոնին մասնակցել նաև հաջորդ տարի: Թիմն ամեն տարի փոփոխվում է, որոշ աշակերտներ հեռանում են դպրոցից, նրանց փոխարինում են նորերը, ինչը շատ կարևոր է ինչպես թիմի, այնպես էլ աշակերտների ընդհանուր զարգացվածության համար: Տարեցտարի հարցերն ավելի են հետաքրքրանում, ինչում մեծ է ընկեր Ամիրաղյանի դերը:

Ընկերներ ձեռք բերելն այստեղ գլխավորն է: Կարևոր է նաև այն, որ սերտանում են հարաբերություններն ընկերների միջև, բոլորիս պարուրում է թիմային ոգին, և ամեն մեկը փորձում է պատասխանատվության ավելի մեծ զգացում վերցնել իր վրա:
Հետաքրքիր է, որ մասնակցում են թիմեր ինչպես Նոյեմբերյանի տարածաշրջանից, այնպես էլ ամբողջ մարզից և զորամասից: Ես կարծում եմ, որ Նոյեմբերյանը մոտ ապագայում կդառնա Հայաստանի ինտելեկտուալ կենտրոններից մեկը»,- նշեց էրիկը:

Փառատոնի երկրորդ և երրորդ տեղերն զբաղեցրին համապատասխանաբար՝ Նոյմեբերյանի ավագ դպրոցի «Ռոբերտ Աբաջյան» և Կողբի 2-րդ դպրոցի «Նժդեհ» թիմերը: «Աննկուն կամք» գավաթը բաժին հասավ սահմանամերձ Ոսկևանը ներկայացնող «Փյունիկ» թիմին:
Մարիամ Նալբանդյան



