«Հայոց ցեղասպանության Շերլոկ Հոմսը» բացահայտում է կորած ապացույցները. New York Times-ը` Թաներ Աքչամի բացահայտման մասին
ОБЩЕСТВОThe New York Times պարբերականը հոդված է հրապարակել` ներկայացնելով ամերիկյան Կլարկ համալսարանի թուրք պատմաբան Թաներ Աքչամի` Ցեղասպանության շուրջ տարիներ շարունակ կատարած ուսումնասիրությունները:
«Ավելի քան մեկ դար Թուրքիան հերքում է հայոց կոտորածների կազմակերպման գործում իր դերակատարությունը` փաստարկելով, որ հետպատերազմական դատավարությունների ժամանակ քննված փաստաթղթերի բնօրինակները չկան», - գրում է ամերիկյան պարբերականը` նշելով, որ այժմ Թաներ Աքչամը փաստաթղթեր է հավաքում, որոնք հաստատում են պետության մեղավորությունը զանգվածային սպանությունների գործում:
Ինչպես նշվում է, թուրք պատմաբանը արժեքավոր փաստաթղթեր է հայտնաբերել Երուսաղեմի հայոց պատրիարքարանում:
Խոսքն այն հեռագրի մասին է, որում օսմանյան բարձրաստճան պաշտոնյան գաղտնի հաղորդագրություն էր ուղարկել Էրզրում` ներկայացնելով հայերի տարհանումների և սպանությունների մանրամասները:
Հետագայում այդ հեռագրի գաղտնազերծված օրինակի շնորհիվ հաջողվել է դատապարտել օսմանցի պաշտոնյա Բեհաէդդին Շաքիրին:
Այնուհետև, սակայն, բազմաթիվ վկայություններ անհետացել են արխիվներից` ստիպելով հետազոտողներին հույսը դնել միայն օսմանյան պաշտոնական հաղորդագրությունների վրա:
Թուրք պատմաբանը հույս ունի հավաքագրել բոլոր անհետացած ապացույցներն ու փաստ առ փաստ ներկայացնել` ընդդեմ Թուրքիայի ժխտողականությանը:
«Իմ խորին համոզմունքը որպես թուրքի այն է, որ ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները Թուրքիայում կարող են հաստատվել միայն պատմությանն առերեսվելով և պատմական մեղքերը ճանաչելով», - ասել է Աքչամը:



