«Սովորական օր» մոնոներկայացման պրեմիերայից առաջ. զրույց Տաթև Ղազարյանի հետ
КУЛЬТУРА
Exclusive
Ապրիլի 20-ին և 21-ին Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում կկայանա «Սովորական օր» մոնոներկայացման ցուցադրությունը՝ Տաթև Ղազարյանի դերակատարմամբ:
Past.am-ն այս առիթով զրուցել է սիրված դերասանուհու հետ.
«Ներկայացման պրեմիերան կայացել է 2017թ. մարտի 29-ին: Պիեսի համահեղինակներն են ժամանակակից գրող - ամուսիններ Դարիո Ֆոն և Ֆրանքա Ռամեն: Վերնագիրը նույնն ենք թողել` «Սովորական օր»: Իրադարձությունները կատարվում են հենց մի սովորական օրվա ընթացքում: Այն մի կնոջ ու իր որոշումների, այսպես ասած, կյանքի հանդեպ ունեցած իր պատկերացումների և ընդհանրապես կյանքի մասին է:
Կարծում եմ` յուրաքանչյուր կին, նայելով այս ներկայացումը, հաստատ այնտեղ տեսնում է իրենից մի մասնիկ և գուցե, նաև ստանում ինչ-որ հարցերի պատասխաններ: Այսինքն՝ ինքնանպատակ չէր պիեսն ընտրված: Ցանկացել ենք, որ այն լինի այսօրվա խնդիրների ու դրանց լուծումների մասին»:
Դերասանուհու խոսքով՝ չնայած ներկայացումը մոնոներկայացման ձևաչափով է, մոնոյի դասական կանոնները փոքր-ինչ խախտված են, քանի որ այնտեղ կա հեռուստացույց, որը, այսպես ասած, «խաղընկեր» է, հեռախոսազրույցների ձայնագրություններ:
Ներկայացման ռեժիսորը Սերժ Մելիք-Հովսեփյանն է, ով, ըստ դերասանուհու, արդեն հանրապետությունում որոշակի ճանաչում և անուն ունի:
Հարցին, թե այսքան բազմազան ու բազմաթիվ ներկայացումներից հանդիսատեսն ինչու նախապատվությունը պետք է հենց «Սովորական օր»-ին տա, մեր զրուցակիցը պատասխանեց.
«Համազգային թատրոնն արդեն ունի իր որոշակի ձևավորված հանդիսատեսը, որը ոչ մի ներկայացում և ոչ մի պրեմիերա բաց չի թողնում: Վստահ եմ՝ «Սովորական օրն» էլ հանդիսատեսին դուր կգա: Ես արդեն մի քանի ներկայացում խաղացել եմ, և դահլիճը լեփ-լեցուն է եղել` գուցե նաև այն պատճառով, որ նոր ներկայացում է՝ զուտ հետաքրքրության իմաստով, ինչու ոչ՝ նաև հեղինակները կհետաքրքեն, ոմանց` նաև ռեժիսորը կհետաքրքրի:
Ինչու ոչ` գուցե նաև մի մասին ես հետաքրքրեմ` հանդես գալով նոր կերպարով, քանի որ Համազգային թատրոնի գրեթե բոլոր ներկայացումներում եմ խաղում և ունեմ նաև արդեն ձևավորված ի՛մ հանդիսատեսը, որը, կարծում եմ, կցանկանա նոր տեսակի մեջ տեսնել իր սիրելի դերասանուհուն: Իսկ թե ինչ կկորցնեն, այ դա չեմ կարող ասել. դա ավելի շատ ոչ թե ինձ, այլ` հանդիսատեսին ուղղված հարց է»:
Դերասանուհու կարծիքով՝ ինչպես թատրոնը, այնպես էլ յուրաքանչյուր ներկայացում ունի իրեն հատուկ հանդիսատեսը. տարիքային որևէ սահմանափակում չկա: Իսկ այս ներկայացումը կհետաքրքրի ավելի շատ միջին տարիքի մարդկանց:
Մարիամ Նալբանդյան




















































