Գեղարքունիքի մարզում մաքրվել եւ բարեկարգվել են 50 հուշարձան
ОБЩЕСТВОԳեղարքունիքի մարզում Հուշարձանների եւ տեսարժան վայրերի պահպանության միջազգային օրվա ընթացքում մաքրվել եւ բարեկարգվել են 24 համայնքի 50 հուշարձան: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմական միջավայրի պահպանության Գեղարքունիքի մարզային ծառայության պետ Գոռ Գասպարյան, ապրիլի 18-ին` Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային օրը, մարզի դպրոցները, զորամասերը, մշակութային եւ այլ կազմակերպություններ իրենց մասնակցությունն են բերել մարզի հուշարձանների եւ դրանց հարող տարածքների մաքրման աշխատանքներին: «Գեղարքունիքի մարզի 24 համայնքի 50 հուշարձանների տարածքներում 30 դպրոցների մոտ 600 աշակերտների, զինվորների, մշակութային կազմակերպությունների կոլեկտիվների ուժերով իրականացվել են մաքրման աշխատանքները: Հուշարձանների տարածքների մաքրման աշխատանքներից զատ՝ մարզի մի շարք դպրոցներում, ապրիլի ընթացքում, Պատմական միջավայրի պահպանության Գեղարքունիքի մարզային ծառայության աշխատակիցների կողմից կազմակերպվել են բաց դասեր հուշարձանների պահպանության թեմատիկայով:
Մեր երկրում պատմության եւ մշակույթի հուշարձաններով հարուստ մարզերից մեկը Գեղարքունիքի մարզն է: Մենք ունենք ավելի քան 5270 պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձան: Մեր խնդիրն է՝ պահպանել, ուսումնասիրել, հանրահռչակել հուշարձանները եւ դրանք օգտագործել ըստ նպատակային նշանակության, հիմնականում` գիտակրթական նպատակներով: Հուշարձանները մեր քարեղեն անձնագրերն են, դրանք մենք ետք է պահպանված ու խնամված վիճակում փոխանցենք մեր գալիք սերունդներին: Մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է մասնակցել այս պատվաբեր գործին»,-ասաց Գոռ Գասպարյանը:



