Սիրահարների այգում տեղի ունեցավ «Սիրո միություն» արձանի բացման արարողությունը
ОБЩЕСТВО«Սիրո միություն» արձանը արտահայտում է նվիրվածությունը մարդուն, քանդակին և սիրուն: Երևանի Սիրահարների այգում ապրիլի 19-ին տեղի ունեցավ «Սիրո միություն» արձանի բացման հանդիսավոր արարողությունը: Արձանի քանդակագործն է Դավիթ Երևանցին, իսկ ճարտարապետը` Միքայել Հասրաթյանը:
Միջոցառմանը մասնակցել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը:
Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանի խոսքով` արձանի բացումով ևս մեկ անգամ արտահայտվեց Երևանի սերը, ջերմությունը, զգացմունքայնությունը իր քաղաքացիների և հյուրերի նկատմամբ:
«Սիրահարների այգին ավելի մարդաշատ է դառնում, ընդունելի տարբեր տարիքային խմբերի համար: Դավիթ Երևանցին դարձյալ ապացուցեց իր նվիրվածությունը քաղաքին` պարբերաբար հանդես գալով իր մեծարժեք գործերով»,- նշեց Երևանի գլխավոր ճարտարապետը:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը բոլոր երևանցիների անունից շնորհակալություն հայտնեց Դավիթ Երևանցուն և այն մարդկանց, ովքեր իրենց ներդրումը ունեցան արձանը կյանքի կոչելու գործում:
«Այս այգին ունեցավ իր միջավայրին համապատասխան ևս մեկ արձան»,- ասաց քաղաքապետը:
Արձանի հեղինակ քանդակագործ Դավիթ Երևանցին նշեց, որ Երևանի համար նոր աշխատանքներ է կյանքի կոչելու:
«Աշխատելու եմ Երևանի համար նոր ստեղծագործություններ կյանքի կոչել, նորից մի գեղեցիկ լիրիկական աղջիկ, որը կարտացոլի մայրական սերը և կկրթի հաջորդ սերունդներին»,- ընդգծեց քանդակագործը:



