Թուրքիայի Մեջլիսի հայազգի պատգամավոր Սելինա Դողանը «Ոչ» է քվեարկել Էրդողանի լիազորությունների ընդլայնմանը
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ, Մեջլիսի հայազգի պատգամավոր Սելինա Դողանը, մասնակցելով Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, կատարել է իր քաղաքացիական պարտքը Ստամբուլում. այս մասին տեղեկանում ենք Դողանի twitter-ի պաշտոնական էջից:
Հայազգի պատգամավորը «Ոչ» է քվեարկել երկրի իշխանությունների կողմից առաջարկվող կառավարման նախագահական համակարգին և կոչ արել բոլոր քաղաքացիներին նույնպես դեմ քվեարկել նախագահ Էրդողանի լիազորությունների ընդլայնումը թույլատրող նախագծին:
Հիշեցնենք, որ հունվարի 21-ին Թուրքիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել Սահմանադրությունում փոփոխությունների իրականացման փաթեթին, որն առաջարկում է անցում կատարել կառավարման նախագահական համակարգին: 18 հոդվածից բաղկացած օրենքի ընդունմանը կողմ է քվեարկել 339 պատգամավոր:
Նշենք, որ հանրաքվեին փոփոխությունների հավանության արժանանալու դեպքում նախագահի և խորհրդարանի հերթական ընտրությունները տեղի կունենան 2019 թվականի նոյեմբերի 3-ին, ինչից հետո նախագահական համակարգի մասին դրույթները կմտնեն ուժի մեջ:



