«Ապրիլի 22-ին արյուն կթափվի». գերմանական պարբերականը սպառնալիքով նամակ է ստացել
МЕЖДУНАРОДНОЕԳերմանական Tagesspiegel պարբերականի խմբագրությունը սպառնալիքով նամակ է ստացել անհայտ հեղինակից, որն այժմ ուսումնասիրում են երկրի անվտանգության մարմինները: Միջադեպի մասին հայտնում է Tagesspiegel-ը:
Աղբյուրի հաղորդմամբ` Բեռլինում տեղակայված խմբագրություն հասած նամակում ասվում է, որ ապրիլի 22-ին «գունավոր արյուն կթափվի», և «Քյոլնի ջոկատն արդեն պատրաստ է»: Ենթադրվում է, որ սպառնալիքը վերաբերում է Քյոլնում կայանալիք բողոքի ակցիայի մասնակիցներին, որոնք այդ օրը պատրաստվում են ցույց անցկացնել ընդդեմ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության: Հայտնի է, որ նմանատիպ ցույցերի ժամանակ ամենատարածված կարգախոսներից է «Գույնզգույնը շագանակագույնի փոխարեն» արտահայտությունը:
Գերմանիայի անվտանգության մարմինների հաղորդմամբ` հատուկ ծառայությունները լուրջ են վերաբերվում սպառնալիքին, քանի որ Դորտմունդ քաղաքում տեղի ունեցած պայթյունից հետո վտանգը դեռևս առկա է:
«Անհրաժեշտ է լուրջ վերաբերվել ամենին, քանի որ մենք դեռ չենք գտել Դորտմունդի դեպքի համար պատասխանատու հանցագործին: Հյուսիսային Ռեյն-Վեսթֆալիա երկրամասից երկու սալաֆիթների հանդեպ կասկածը դեռևս չի հաստատվել», - հայտնել է անվտանգության մարմինների աղբյուրը:
Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, ապրիլի 11-ի երեկոյան Դորտմունդի «Բորուսիա» ֆուտբոլային ակումբին տեղափոխող ավտոբուսի մոտ պայթյուններ են որոտացել։



