Ոստիկանները բացահայտեցին Աշտարակում կատարված սպանությունը
ОБЩЕСТВОՀիվանդանոցից ոստիկանության Աշտարակի բաժնում ապրիլի 10-ին հաղորդում է ստացվել, որ Աշտարակ քաղաքի վերջնամասում տղամարդու դիակ կա:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, մեկնած օպերատիվ խումբը Աշտարակի ձախակողմյան հատվածի հողակտորներից մեկի վագոն-տնակում հայտնաբերել է 1965 թվականին ծնված Հարություն Մովսիսյանի դիակը` հրազենային վնասվածքներով:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 5.45 մմ տրամաչափի 10 պարկուճ:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Արագածոտնի մարզային վարչությունների և Աշտարակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների և որոնողական աշխատանքների արդյունքում՝ ապրիլի 11-ին նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով Աշտարակի Երևանյան փողոցում, տաքսու մեջ հայտնաբերվել և Աշտարակի բաժին բերման է ենթարկվել 1971 թվականին ծնված Արա Ն.-ն:
Հանցագործության գործիք ինքնաձիգը հայտնաբերված է:
Նշանակվել են դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննություններ:
Կատարվում է նախաքննություն:



