«Հայոց Ցեղասպանություն. 100 տարի անց» խորագրով գիտաժողով է կայացել Լոզանում
ОБЩЕСТВОՀայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումների շրջանակներում հունիսի 4-7-ը Շվեյցարիայի Վո նահանգի Քրիստոնեական Եկեղեցիների Միության նախաձեռնությամբ Լոզան քաղաքում տեղի է ունեցել միջազգային գիտաժողով՝ «Հայոց Ցեղասպանություն. 100 տարի անց» խորագրով և էկումենիկ արարողություն Աստվածամոր Մայր Տաճարում։
Ինչպես հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ գիտաժողովին և էկումենիկ արարողությանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ներկայացրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։ Վերջինս հանդես է եկել բանախոսությամբ՝ «Ինչպե՞ս ապրել միասին Հայոց Ցեղասպանության 100 տարելիցին» թեմայով։
Շվեյցարիա կատարած այցի ժամանակ Բագրատ եպիսկոպոսը հանդիպում է ունեցել Շվեյցարիայի հայ համայնքի հետ, Սուրբ Պատարագ մատուցել Ժնևի և Լեման շրջանի Ս. Հակոբ եկեղեցում:
Սրբազանն այցելել է նաև Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի (ԵՀԽ) գրասենյակ, որտեղ հանդիպումներ է ունեցել ԵՀԽ-ում Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Քույր Եկեղեցիների ներկայացուցիչների հետ:



