«Ես կարող եմ մեծամասնության կարծիքի դեմ գնալ». ինչու Հայկ Դեմոյանը չի ընդգրկվել ՀՀԿ ավագանու ցուցակում. «Փաստ»
ПОЛИТИКА«Փաստ» օրաթերթը գրում է.
Երևանում Անաստաս Միկոյանի արձանը տեղադրելու ՀՀԿ ավագանու խմբակցության որոշման դեմ հրապարակավ հանդես եկած Երևանի ավագանու ՀՀԿ–ական անդամ, «Ցեղասպանության թանգարանի» տնօրեն Հայկ Դեմոյանը չի առաջադրվել ավագանու ընտրություններում: «Փաստի» հարցին, թե հնարավոր է իշխանության հետ հակասություններն են պատճառը, որ չի մասնակցում ավագանու ընտրություններին, Հայկ Դեմոյանն ասաց. «Չէ, էդպիսի խնդիր բացարձակ չկա: Ուղղակի ես՝ որպես մասնագետ, որպես գիտական աշխատանքի մարդ, ունեմ իմ ծրագիրը, պատճառներից գլխավորը դա է: Մոտ մեկ տարի գիտահետազոտական աշխատանքի եմ մեկնելու: Այսինքն՝ իմաստ չէր լինի, որովհետև ես մեկ տարի բացակայելու էի»:
Հստակեցմանը՝ կարողանո՞ւմ էիք որպես ավագանու անդամ Ձեր առաջարկները ներկայացնել, անցկացնել և համաձա՞յն էիք ՀՀԿ ընդունած որոշումների հետ, Դեմոյանն այսպես պատասխանեց. «Ես ընդհանրապես անհատ մարդ եմ, կուսակցական չեմ և չեմ ենթարկվում որևէ կուսակցական դիսցիպլինայի կամ գաղափարախոսության: Ես անկախ մարդ եմ, մտավորական, որն ունի իր կարծիքը: Կարծեմ ապացույց բերել պետք չի, որ ես կարող եմ գնալ ընդհանուրի և մեծամասնության կարծիքի դեմ»:



