Առատ տեղումներ, ամպրոպ, ձնախառն անձրև, քամու ուժգնացում. Հայաստանում ցիկլոնի սուր ընթացքը կտևի մինչև լուսադեմ. Գագիկ Սուրենյան
ОБЩЕСТВОՀանրապետության տարածքն այսօր գտնվում է բավական սրված, լուրջ մթնոլորտային ցուրտ հոսանքների ազդեցության գոտում: Ցիկլոնի բուռն ազդեցությունը կզգացվի հատկապես այսօր, ժամը 16:00- ից հետո՝ առատ տեղումներ, ձնախառն անձրև, քամու ուժգնացում՝ 20-25 մետր վայրկյան արագության. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։
«Երեկոյան ժամերին Շիրակում, Արագածոտնի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում, Կոտայքի և Վայոց ձորի լեռանային գոտիներում կդիտվի ցածր հորիզոնական տեսանելիություն, ձյուն, առանձին հատվածներում նաև բուք, նախալեռնային հատվածներում թաց ձյուն: Հովտային շրջաններում անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ: Ցիկլոնի սուր ընթացքը կտևի մինչև լուսադեմ»,- ասաց Սուրենյանը:
Ըստ նրա՝ լուսադեմին ցիկլոնը կկորցնի իր ուժը, բայց ամբողջությամբ չի հեռանա հանրապետությունից: «Վաղը ցերեկը, ժամը 11:00-12:00-ին՝ հատկապես կեսօրից հետո, առանձին հատվածներում կլինեն լոկալ կարճատև ամպրոպային բնույթի տեղումներ, բայց դրանք որևէ լուրջ երևույթ չեն ներկայացնում»,- ասաց Սուրենյանը և նշեց, որ գարնանային բնույթի, կլիմայական պայմաններին բնորոշ եղանակ է սպասվում:
Գագիկ Սուրենյանը նշեց, որ ցրտահարություն, բարեբախտաբար, չի սպասվում: «Եթե այսօր գիշեր պարզեցում լիներ, միանշանակ, ջերմաստիճանը կիջներ -4, -5 աստիճանի, բայց, բարեբախտաբար, ամպամածության շերտը պահպանվելու է, ինչի հետևանքով օդի ջերմաստիճանը չի ընկնելու: Առաջիկա 3-4 օրերին ցրտահարության վտանգ չենք տեսնում»,-ասաց նա:



