Ռուսաստանը պետք է դադարի համառել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի իշխանությունը պահպանելու հարցում. Չավուշօղլու
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ռուսաստանը բավարար միջոցներ չի ձեռնարկում Սիրիայում կրակի դադարեցման համար. այս մասին հայտնում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականը:
Չավուշօղլուն նշել է, որ այդ մասին իրենք արդեն զրուցել են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:
«Ռուսաստանը պետք է դադարի համառել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի իշխանությունը պահպանելու հարցում: Ես արդեն ասել եմ այդ մասին իմ ռուս կոլեգային: Ռուսաստանը բավականաչափ միջոցներ չի ձեռնարկում Սիրիայում հրադադարի ռեժիմի խախտումը դադարեցնելու համար», - ասել է Չավուշօղլուն:
Ինչպես ավելի վաղ հայտնել է tert.am-ը՝ Միացյալ Նահանգներն ապրիլի 6-ի երեկոյան թևավոր հրթիռներով հարվածել է Սիրիայի արևմտյան Հոմս նահանգում գտնվող կառավարական ուժերի ռազմաբազային, ինչն արվել է օրեր առաջ Իդլիբում սիրիացի զինվորականների կողմից քիմիական զենքի կիրառմանն ի պատասխան:
Սիրիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչներն ավելի վաղ հաղորդել էին, որ ԱՄՆ-ի` սիրիական «Շայրաթ» ռազմաբազայի վրա իրականացված ավիահարվածի հետևանքով մահացել է 6 զինծառայող։
Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը` վկայակոչելով սիրիացի ակտիվիստներին, հայտնել էր Իդլիբում տեղի ունեցած քիմիական հարձակման մասին, որի հետևանքով 58 մարդ էր զոհվել, մեծամասնությունը` երեխաներ:



