Երևանում անհայտ անձը սոսնձում է բանկոմատի ստեղնաշարը (տեսանյութ)
ВИДЕО2015 թվականի ապրիլի 11-ին` ժամը 17:30-ից մինչև ապրիլի 13-ը ժամը 09:30-ն ընկած ժամանակահատվածում առերևույթ հանցագործություն կատարած անձը սոսնձով վնասել է «ՎՏԲ-Հայաստան» բանկի Ավանի Իսահակյան 31/Ա հասցեում գտնվող բանկոմատի ստեղնաշարը:
Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Դեպքի առթիվ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:
Նախաքննության ընթացքում ստացվել է «ՎՏԲ-Հայաստան» բանկի տվյալ մասնաճյուղի տեսանկարահանող սարքերի տեսագրությունը, որոնց զննության արդյունքում պարզվել է, որ 2015 թվականի լույս ապրիլի 12-ի գիշերը մի տղամարդ մոտենում է բանկոմատին, կատարում ինչ-որ գործողություններ և հեռանում։
Դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու համար միջոցներ են ձեռնարկվում՝ հայտնաբերելու նշված տղամարդուն։
Ովքեր ճանաչում են տեսագրությունում պատկերված անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրվում է հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին կամ Ոստիկանության մոտակա բաժին:



