«Մովսես է պետք, որ 40 տարի անապատով մեզ ման ածի»
ОБЩЕСТВО«Փաստ» օրաթերթը գրում է.
Ռեժիսոր Էդգար Բաղդասարյանի համար այս ընտրությունների արդյունքները բնավ անսպասելի չէին, և նա հենց այսպիսի արդյունք էր ակնկալում: Վերջինս նշում է, որ այս ընտրությունները մշակութային դեգրադացիայի արդյունք են:
«Բոլոր այն քաղաքական ուժերը, ովքեր խոսում են հիասթափությունից, մի քիչ ծիծաղելի են, որովհետև ազգաբնակչությանը բնակեցնում ենք մի տարածքում, որի վրա, չեմ հասկանում, թե ինչով են զբաղված: Չնայած հասկանալի է՝ անձնական շահն են բավարարում:
Պետականության որևէ զգացում չունենալով՝ ամբողջ օրը դոշերը ծեծելով ու դրա մասին խոսելով են զբաղված: Նման վիճակը պիտի բերեր սրան: Պիտի ստիպված Բրոցկուն հիշեմ՝ «Մշակութային մտահորիզոնի սղությունը բերում է նաև քաղաքական մտահորիզոնի սղության»,– նշում է ռեժիսորը:
Ըստ նրա՝ երբ հասցնում ես սեփական ժողովրդիդ այս աստիճանի, սա ես ստանում, որովհետև ճորտերով պետություն չեն կառուցում: Ընդդիմությունն էլ իշխանության մի արտացոլանք է՝ ծուռ կամ ուղիղ:
«Նման ձևերի խեղկատակությամբ չի կարելի պետություն կառուցել: Սա հասկանում են անգամ նրանք, ովքեր տոնում են, որովհետև սրա մեջ մեկ վտանգ կա, և սա պետականության կորստի առաջին ճանապարհն է՝ բոլորը ճամպրուկները հավաքեն, ընկնեն աշխարհից աշխարհ, հրեաների նման 2 հազար տարի թափառենք: Մեզ Մովսես է պետք, անկեղծ եմ ասում, որ 40 տարի անապատով մեզ ման ածի, որ երեք սերունդ փոխվի ու այդ ճորտությունը մեր միջից դուրս գա»,– նշեց նա:
«Փաստի» այն հարցին, թե ընդդիմադիր ուժերում նման Մովսես չկա՞, պատասխանեց, թե դա ընդդիմություն չէ. «Ֆուտբոլային տրանսֆեր է հիշեցնում: Այսօր մի թիմում է խաղում, վաղը առան, գնաց մյուս թիմը: Ֆուտբոլային տրանսֆեր է, ոչ թե ընդդիմություն: Իշխանության մեջ է, ձենը կտրած նստած է, հենց գալիս է ընդդիմություն՝ սկսում է քննադատել: Սա խեղկատակություն է:
Եթե ես այսօր կուսակցություն հիմնեմ, 7 տարի հետո կհաղթեմ: Մի բան պիտի անեմ դրա համար: Ես պիտի սկսեմ կրթել: Զոմբիացած անգրագետ զանգված է, որին դու չես կարող ժողովուրդ անվանել:
Ու հասցված է այդ վիճակին, որովհետև ճորտին, սոված մարդուն հեշտ է կառավարել: 10 հազար դրամով կվաճառի ինչ ուզես, ձայնը չէ՝ երիկամն էլ կվաճառի: Եթե մարդիկ չեն հասկանում վտանգը, ուրեմն մենք պետության դեռ արժանի չենք:
Բոլորս ենք մեղավոր սրանում: Որևէ մեկին տեսնո՞ւմ եք փողոց դուրս գա բողոքելու, ոչ մեկի: Բոլորը հասկանում են, որ անիմաստ է և սխալ ճանապարհով են գնում ու քաղաքական կուլտուրա էլ չունեն: Մեր քաղաքական գործիչները տգետ են, որովհետև մշակութային տգետ են նաև:
Երևանից դուրս եմ գալիս 100 կմ՝ 300 տարի հետ եմ ընկնում: Չի կարող այսպիսի տարբերություն լինել քաղաքի և գյուղի միջև: Հյուսիսային պողոտան չէ միայն Հայաստանը: 300 տարի հետ ես գնում թե՛ մտածողությամբ, թե՛ պատրիարխալ դատողությամբ, թե՛ գնահատականներով: 70–80 տարեկան մարդիկ, ովքեր պիտի իմաստություն ունենան, խոսում են 20 տարեկանի դատողությամբ: Բազմասպեկտորային կրթությամբ է պետք զբաղվել: Խոսքը դպրոցի ու ինստիտուտի մասին չէ, այլ մշակութային կրթության»,– նշեց մեր զրուցակիցը:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:



