ՀՀԿ-ն դատապարտում է լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտող ցանկացած դեպք
ОБЩЕСТВОԱզգային Ժողովի ընտրությունների քվեարկության գործընթացը ընթանում է բնականոն հունով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ապրիլի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Ես կապ եմ հաստատել միջազգային կառույցների դիտորդական առաքելության որոշ ներկայացուցիչների հետ և նրանք միաբերան պնդում են, որ Հայաստանում ընտրական օրենսգրքի ներդրված մեխանիզը աննախադեպ է և հնարավորություն է տալիս ստվեր գցող չարաշահումների ու ընտրախախտումների դեմը առնել»,- ընդգծեց Շարմազանովը:
Նրա խոսքով` բոլոր օբյեկտիվ ահազանգերը տարբեր կուսակցություններից, դաշինքներից և դիտորդական առաքելություններից արագ արձագանք են ստացել թե ոստիկանությունից, թե դատախազությունից, թե կենտրոնական ընտրական հանձնաժողովից: «Չի եղել ու չի լինելու գեթ մեկ ահազանգ, որին պատկան մարմինները չարձագանքեն»,- շեշտեց Շարմազանովը:
Նա նաև նշեց, որ, այնուամենայնիվ, եղել են մեծ թվով կեղծ ահազանգեր, նպատակ ունենալով ստվեր գցել ընտրական գործընթացին վրա: «Ահազանգին արձագանքում են իրավապահ մարմինները, սակայն դրանց մեծ մասը փաստեր չունի»,- ասաց Շարմազանովը:
Անդրադառնալով «Ազատության» ռադիոկայանի լրագրող Սիսակ Գաբրիելյանի աշխատանքը խոչընդոտելու հետ կապված միջադեպին՝ Շարմազանովը, մասնավորապես, նշեց. «Եվ ոստիկանությունը, և դատախազությունը տվել է իր գնահատականը: Այդ միջադեպի հետ կապված նախաքննությունը սկսվել է: Հանրապետական կուսակցությունը դատապարտելի և անընդունելի է համարում որևէ լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտող ցանկացած դեպք՝ անկախ նրանից, թե ով է դա արել», եզրափակեց Շարմազանովը:



