Քվեարկել եմ հանուն մեր կարգախոսի իրականացման. Կարեն Կարապետյանը կատարեց քաղաքացիական պարտքը
ОБЩЕСТВОՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ապրիլի 2-ին խորհրդարանական ընտրության քվեարկությանը եկել էր տիկնոջ հետ: 4/53 ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահը տեղեկացրեց վարչապետին, որ տեղամասում ընտրողների թիվը 1853 է, ժամը 10-ի դրությամբ մասնակցել է 80-ից ավելի ընտրող:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քվեարկությունից հետո վարչապետը, ի պատասխան հարցի, թե հանուն ինչի է կատարել ընտրությունը նշեց. «Հանուն մեր կարգախոսի իրականացման»:
ՀՀԿ-ն ընտրություններին մասնակցել է «Անվտանգություն և առաջընթաց» կարգախոսով:
ՀՀ ոստիկանության հրապարակած վերջին տվյալներով՝ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվն է` 2 միլիոն 564 հազար 195, հաշվառում չունեցող ընտրողների թիվը ` 915: Ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում գտնվող ընտրողների թիվն, ըստ տվյալների, 2001 է:
Տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների թիվը` 28 հազար 277 է: Ընտրական տեղամասեր գործուղվել են ոստիկանության 197 ծառայողներ: Ազգային ժողովի ընտրությունները կլուսաբանի 120 լրատվամիջոց (89 տեղական և 31 միջազգային) և 55 դիտորդական կազմակերպություն:
Հայաստանի Ազգային ժողովի հերթական ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է 9 քաղաքական ուժ, որոնցից 5-ը կուսակցություններ են, 4-ը` կուսակցությունների դաշինքներ: Ընտրություններին մասնակցում են Հայաստանի Հանրապետական, «Հայկական վերածնունդ», «Ազատ դեմոկրատներ», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», Հայաստանի Կոմունիստական կուսակցությունները, ինչպես նաև «Ելք», «Ծառուկյան», «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» և «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքները:



