Որ ուժերը կհայտնվեն խորհրդարանում. կանխատեսում քաղտեխնոլոգներից
ОБЩЕСТВОՀայաստանի խորհրդարանական ընտրությունների քարոզչությանը ներգրավված ուժերը կիրառում էին քաղաքական տեխնոլոգիաներ, ընտրազանգվածի հետ առավել ինտենսիվ ու սերտ շփման հնարքներ: Քարոզարշավի վերջին օրը «Արմենպրես»-ի խնդրանքով քաղտեխնոլոգներն ամփոփում են ընտրարշավի արդյունքներն ու փորձում կանխատեսումներ աել քվեարկության ելքի վերաբերյալ:
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը կարծում է, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և «Ծառուկյան» դաշինքն առաջիկա ընտրությունների ֆավորիտներն են: «Ազգային ժողովի 2017 թվականի ընտրություններին առավելագույնը 6 քաղաքական ուժ հնարավորություն ունի նվազագույն շեմը հաղթահարելու: Կարծում եմ՝ Հանրապետական կուսակցությունը մեծամասնություն կկազմի ի հաշիվ ռեյտինգային ցուցակով ընդգրկված թեկնածուների»,- ասաց Կարեն Քոչարյանը: «Ելք» դաշինքի, «Ազատ դեմոկրատներ», ՀՅԴ և «Հայկական վերածնունդ» կուսակց ությունների նվազագույն շեմը հաղթահարելու հնարավորությունները, նրա դիտարկմամբ, բարձր են: Ցածր է գնահատում Հայաստանի Կոմունիստական կուսակցության և «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի հնարավորությունը, իսկ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի՝ խորհրդարան անցնելու հարցը մշուշոտ է:
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը նույնպես կարծում է, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և «Ծառուկյան», «Ելք» դաշինքները, ՀՅԴ, «Ազատ դեմոկրատներ», «Հայկական վերածնունդ» կուսակցությունները կանցնեն խորհրդարան:
«Ազգային ժողովում տեղ գտնելու նվազագույն շանսեր ունեն Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, ինչպես նաև «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» և «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքները: Վերջինիս պարագայում հիմնական խնդիրը նրանում է, որ դաշինքով են հանդես գալիս, այլ ոչ թե կուսակցությունով: Կուսակցությունով հանդես գալու դեպքում նման խնդիր չէր լինի»,- նշեց քաղտեխնոլոգը:
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն իր հերթին ցածր է գնահատում Կոմունիստական և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների հնարավորությունները:
«ՀՀԿ-ն և «Ծառուկյան» դաշինքը որևէ խնդիր չեն ունենալու խորհրդարան անցնելու: «Ելք», «Կոնգրես-ՀԺԿ», «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքների, ՀՅԴ, ՀՎԿ կուսակցությունների հնարավորությունները 50/50 տոկոս եմ գնահատում: Դրանց հիմնական նպատակն է լինելու հաղթահարել նվազագույն շեմը»,- ասաց Բադալյանը:
Հայաստանում Ազգային ժողովի հերթական ընտրությունները կկայանան ապրիլի 2-ին: Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է մարտի 5-ից և կեզրափակվի մարտի 31-ին: Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 9 քաղաքական ուժ, որից 5-ը կուսակցություններ են, 4-ը դաշինք: Ազգային ժողովի ընտրություններին կմասնակցեն Հայաստանի Հանրապետական, «Հայկական վերածնունդ», Հայաստանի Կոմունիստական, Հայ Յեղափոխական Դաշնակցություն, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները, ինչպես նաև «Ծառուկյան», «Ելք», Կոնգրես-ՀԺԿ և «Օհանյան-Րա ֆֆի-Օսկանյան» դաշինքները:



