Նորա Առուստամյան . «Գնացեք ընտրության և կատարեք գաղափարի ընտրություն». «Փաստ»
ИНТЕРВЬЮ
«Փաստ» օրաթերթը գրում է.
Մեր հյուրն է «Ծառուկյան» դաշինքի Արագածոտնի մարզի ռեյտինգային թեկնածու լեզվաբան, միջազգային հարաբերությունների մասնագետի որակավորում ունեցող 26–ամյա Նորա Առուստամյանը
– Դուք ռեյտինգային թեկնածու եք առաջադրվել «Ծառուկյան» դաշինքից Արագածոտնի մարզում: Ինչո՞ւ հենց իրենց հետ:
– Դաշինքում հայտնվելս պատահական չէ: 2010 թ. հանդիսանում եմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ և արդեն 4 տարի է Ազգային ժողովում աշխատում եմ որպես պատգամավոր Գագիկ Ծառուկյանի օգնական: Կարծում եմ՝ դրանով ամեն ինչ ասված է:
– Բավական երիտասարդ եք և արդեն պատգամավորի թեկնածու: Նման որոշումը հարազատները, բարեկամներն ու ընկերները ինչպե՞ս ընդունեցին:
– Գիտակցում եմ, որ շատ պատասխանատու գործի մեջ եմ մտնում: Առաջին հերթին պատասխանատու եմ հենց ընտանիքիս, հարազատներիս և ընկերներիս առաջ: Վստահ եղեք, որ ուժերիս ներածին չափով անելու եմ ամեն ինչ, որպեսզի արդարացնեմ ոչ միայն նրանց սպասելիքները:
– Ձեր մասնագիտական հմտությունները ինչպե՞ս պիտի ներդնեք օրենսդիր աշխատանքում: Կկարողանա՞ք այդ ծանր բեռը ձեր երիտասարդ ուսերին վերցնել:
– Ոչ միայն ես, այլ նաև մեր ամբողջ թիմը անելու է ամեն ինչ, որպեսզի «Ծառուկյան» դաշինքի բոլոր դրույթները իրականություն դառնան: Ես ինքս մասնագիտական հմտություններս և աշխատանքային փորձս ներդնելու եմ գործի մեջ, որպեսզի ապացուցեմ երիտասարդ ուժի կարող լինելը:
– Արագածոտնի մարզում ի՞նչ անելիքներ կան և ի՞նչ առաջնային խնդիրներ եք առանձնացրել, որ ընտրվելու դեպքում պատրաստ եք իրագործել:
– Խնդիրները շատ են, չկա առաջնային կամ երկրորդական: Սակայն ինքս առանձնացրել եմ զբաղվածության խնդրի լուծումը, երիտասարդների համար բարենպաստ պայմանների ստեղծումը՝ այդ կերպ փորձելով կանխել երիտասարդների արտագաղթը երկրից և մարզից:
– Մասնակցում եք հանդիպումներին, շփվում ժողովրդի հետ: Ի՞նչ պահանջներ են Ձեզ ներկայացնում և ի՞նչ ակնկալիքներ տեսնում: Երիտասարդ կնոջը որպես թեկնածու տեսնելով՝ մտավախության կամ անվստահության մթնոլորտ նկատո՞ւմ եք, թե ոչ:
– Բարձրացնում են սոցիալ–տնտեսական հարցեր… խմելու ջրից մինչև աշխատատեղ ստեղծելը: Ուրախությամբ կարող եմ փաստել, որ մեր մարզում երիտասարդների հանդեպ վստահությունը շատ բարձր է: Ինձ ավելի քան պատասխանատու եմ զգում, քանի որ հանձինս ինձ նրանք տեսնում են իրենց խնդիրները վստահորեն բարձրացնողի և ինչու ոչ՝ նաև լուծողի:
– Դաշինքի նախընտրական ծրագրում կա մի կետ, ըստ որի մինչև 2019 թ. ոչ մի ՀՀ քաղաքացի չի ապրելու աղետի գոտում: Սա մեր իրականության ամենացավոտ կողմն է: Ինչպե՞ս եք տեսնում սրա լուծումը:
– 21–րդ դարում ունենալ նման իրավիճակ չափազանց ամոթալի է մեզ համար: Վստահ եմ որ այդ հարցը, ինչպես նաև դրույթների մեջ ներառված բոլոր խնդիրները շատ կարճ ժամանակում իրականություն են դառնալու: Մեր ղեկավարի՝ պարոն Գագիկ Ծառուկյանի խոսքը գործ է, այդ խոսքն իրականացվում է շատ սեղմ ժամկետներում:
– Բազմիցս խոսվել է, որ ընտրակաշառք է բաժանվում: Սրա դեմ ձեր պայքարի տարբերակը ո՞րն է եղել:
Պայքարը արդար աշխատանքն է: Մենք մեր թիմով, ի դեմս մեծ վստահություն ունեցող ղեկավարի, որդեգրել ենք ազնիվ պայքարի ճանապարհը, ներկայացնում և բացատրում ենք մեր գաղափարներն ու իրականացվելիք աշխատանքը: Մարդիկ հավատում ու վստահում են մեզ: Դրա ապացույցը մեր բազմամարդ հանդիպումներն են:
– Վաղն արդեն լռության օրն է, այսօր քարոզարշավի վերջին օրն է: Ինչպիսի՞ կոչ կամ ի՞նչ խորհուրդ կտաք Դուք ձեր ընտրողին:
– Ընտրել այն ուժին, որը կարող է իրականացնել իր առջև դրված բոլոր խնդիրները: Գնացեք ընտրության և կատարեք գաղափարի ընտրություն: Վստահ եմ, որ միահամուռ կերպով մենք կկարողանանք փոփոխել և կառուցել:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:




















































