Պարսկական «Վերին մզկիթ» հուշարձանի տարածքում պեղումները շարունակվում են
КУЛЬТУРА
Արցախի Հանրապետությունում ավելի քան մեկ շաբաթ է հնագիտական պեղումներ են իրականացվում պարսկական «Վերին մզկիթ» հուշարձանի տարածքում: «Պատմական ﬕջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ պատմական գիտությունների թեկնածու Նժդեհ Երանյանի ղեկավարած հնագիտական արշավախումբն այս օրերին աշխատում է հուշարձանի արևելյան և արևմտյան տապանաբակերում։ «Ե′վ պեղումները, և′ դրանց հաջորդող վերականգնման աշխատանքները լավագույն վկայությունն են, որ Արցախի տարածքում պահպանվում է ոչ միայն հայկական մշակութային ժառանգությունը, այլև` օտարներինը։ Սա մշակութային հանդուրժողականության վառ դրսևորում է»,-համոզված է արշավախմբի ղեկավար Նժդեհ Երանյանը։ Պեղումների արդյունքում հնարավոր կլինի հստակ պատկերացում կազմել մզկիթի պատմական միջավայրի մասին:
Այս մզկիթը կառուցվել է 1883թ. իրանցի ճարտարապետ Կարբելի սեֆի Խանի նախագծով։ Խորհրդային տարիներին մզկիթը ձևափոխվել էր պատմաերկրագիտական թանգարանի: Այսօր Շուշիի «Վերին մզկիթը», թեև մասնակի վնասված, բայց կանգուն է։ Ըստ Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Շահվերդյանի` «Վերին մզկիթի» տարածքում անցկացվող հնագիտական պեղումները թույլ կտան հուշարձանի ճշգրիտ վերականգնման նախագիծ կազմել։
Ոչ միայն հայկական, այլև օտարների պատմամշակութային ժառանգության պահպանության նկատմամբ արցախցիների դրսևորած հոգատար վերաբերմունքի մասին է վկայում նաև այն իրողությունը, որ Շուշիի իրանական «Վերին մզկիթն» արդեն մեկ անգամ վերականգնվել է. 2008-2009 թթ. նորոգվել է դրա տանիքը։ «Վերին մզկիթ»-ից բացի, Շուշիում կա ևս մեկ իրանական կառույց՝ «Ներքին մզկիթը», որը թեև նախորդից ավելի վաղ է կառուցվել, սակայն նույնպես կանգուն է։
«Վերին մզկիթի» պեղումները կտևեն ևս 20 օր։




















































