Ո՞վ է ասում, թե լավ տանիք բարձրացողը վարչապետ կամ երկրի նախագահ չի կարող դառնալ. «Ելքը»՝ Սերժ Սարգսյանին
ПОЛИТИКАՆախագահ Սերժ Սարգսյանն իր ելույթում անդրադարձել է «Ելք» դաշինքին, որովհետեւ ընտրություններին մասնակցող ուժերից միակ իր մրցակիցն այս դաշինքն է: Այս մասին այսօր՝ մարտի 26-ին, Վանաձորում ընտրողների հետ հանդիպմանն ասել է դաշինքի առաջնորդներից Էդմոն Մարուքյանը:
«Էն ուժերը, որոնք ասում են, որ ինչ-որ բան են փոխելու, ընդամենը ընդդիմադիր տեսքով ձայներ են հավաքում, որ տանեն միացնեն իրենց: Ընդ որում շատ կարեւոր է, որ դրա մասին նրանք ձեզ ասում են, որ նեղանաք ասեն՝ ձեզ ասել էի չէ, որ գնալու ենք միանանք, կոալիցիա անենք: «Հայկական վերածնունդը» իրենց հեռուստատեսությամբ ամեն օր ասում են, որ կոալիցիայի մեջ են մտնելու, ՀՅԴ-ն կոալիցիա է, ինչ եք ուզու՞մ, ինչու՞ եք գնում ձեր ձայնը փոշիացնում»,-ասել է նա:
«Ելք» դաշինքի առաջնորդներից Արամ Զավենի Սարգսյանը եւս անդրադարձել է Սերժ Սարգսյանի ելույթին՝ նույնպես նշելով, որ իրենց դաշինքն հաղթելու է եւ այդ պատճառով է, որ իշխանություններն անհանգստացած են:
«ՀՀ նախագահն ընտրությունների մասին խոսեց եւ առաջինն անդրադարձավ մեզ: Իշխանություններն իրենց անցկացրած հարցումներով տեսան, որ մենք հաղթելու ենք եւ ուզում են այժմ վարկաբեկել: Սերժ Սարգսյանն իր ելույթում ասաց, որ սուտ վանկարկումներով երկրի ղեկավար չես դառնա: Ասում է՝ լավ տանիք բարձրացող չենք ընտրում, ինչու՞, ո՞վ է ասում, թե լավ տանիք բարձրացողը վարչապետ կամ երկրի նախագահ չի կարող դառնալ: Հիսուս Քրիստոսն էլ սար էր բարձրանում, որ իր խոսքը հասցնի ժողովրդին»,-ասել է նա:
Նշենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը անդրադարձել էր ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին եւ իր ելույթում ասել, որ «ապրիլի 2-ին լավ տանիք բարձրացողներ չենք ընտրում»:



